Մատչելիության հղումներ

Ազատամարտիկների խնդիրները կառավարությանը կներկայացվեն ԵԿՄ-ի միջոցով


Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին աջակցելու համար այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր կնքեց Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) հետ։

Այս փաստաթղթի համաձայն, այսուհետ ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական հարցերը կառավարությանը կներկայացվեն Երկրապահի միջոցով ու աջակցությամբ։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը հենց այս ճանապարհն ընտրել՝ նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց.- «Ազգային ժողովն օրենք ընդունեց «Երկրապահ կամավորական միության» մասին, նաև հաշվի առնելով, որ առաջին հերթին իրականացվող ծրագրերը ուղղված են այն շահառու ընտանիքներին, ովքեր ԵԿՄ-ի մաս են կազմում, որպեսզի այդ ծրագրերը դարձնենք առավել հասցեական, առարկայական, կարողանանք կարիքի հետ կապված խնդիրները գույքագրել, սա կարծում եմ, շատ կարևոր և շահավետ է բոլոր առումներով»։

Արցախի հերոս, Երկրապահի նախագահ, իշխող Հանրապետականի պատգամավոր գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը խոստացավ, որ կառավարության աջակցությունից կօգտվեն ոչ միայն ԵԿՄ-ի տոմս ունեցող, այլև չունեցող ազատամարտիկներն ու նրանց ընտանիքները։ Գեներալը շեշտեց, որ իրենց հետ համագործակցությունը թույլ կտա կառավարությանը ավելի արդյունավետ օգտագործել բյուջեի միջոցները։

«Էն վախտ լիքը մարդիկ կային, մի թափ բռնեցին, 56, 57 թվի ծնված տղին 41 թվի թուղթ էին հանել... որ նմանատիպ մարդիկ չլինեն, լուրջ ազատամարտիկներ լինեն, իրոք հաշմանդամ մարդը սոցիալական բաներից օգտվի։ Երբ նման հարցեր լինեն, կարան գնան, տարածքներում, մարզերում մենք կառույցներ ունենք, իրենք էլ ունեն, որ իրար համատեղ կարողանանք աշխատել»,- ասաց Գրիգորյանը։

ԵԿՄ-ի անդամատոմս չունեցող ազատամարտիկներից շատերը, մինչդեռ քննադատում են այս համագործակցությունը՝ պնդելով, թե կառավարությունն իրականում փորձում է հանրապետական գեներալի շուրջ համախմբել կառավարությանը քննադատողներին։

Մեկուկես տարի է տասնյակ ազատամարտիկներ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում իշխանությունների դեմ՝պահանջելով առավել լայն սոցիալական աջակցություն ու արտոնություններ։ Շուշիի ազատագրմանը մասնակցած Պավլիկ Մանուկյանը այդ ցույցերի մասնակիցներից մեկն է, ու չի ուզում իշխանության հետ համագործակցող ԵԿՄ-ի միջոցով լուծել իր հարցերը։

«Ես իմ թաթերը կկտրեմ, բայց իրեն չեմ դիմի։ Սա լինելու է մի խնամիաքավորաբարիդրացիական հարաբերությունների շղթա, որը ավելի է դժգոհ դարձնելու ազնիվ ազատամարտիկներին, ավելի է զայրացնելու քաջասիրտ, ազնիվ, նվիրյալ ժողովրդական հերոսներին, ովքեր երբևիցե չեն զատվել սեփական ժողովրդից և ամենամեծ պարգևն համարել են իրենց սեփական ժողովուրդը»,- ասաց Մանուկյանը։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ու ԵԿՄ-ի հիմնադիրներից Արայիկ Խուդավերդյանն էլ տարակուսում են՝ կառավարությունը չկատարեց իր խոստումը բողոքի ելած ազատամարտիկների առջև, հիմա փորձում է գեներալ Մանվել Գրիգորյանի միջոցով իբր օգնել իրենց։ Իրականում, սակայն, նպատակն ուրիշ է, ասում է Սարուխանյանը։

«Սա մի փայտի ձև է, որով այդ կազմակերպություն են քշելու, որ մարդը ստիպված լինի որոշակի արտոնության համար, բուժման համար ստիպված լինի ընդգրկվել այնտեղ։ Բոլոր ճանապարհներ այնպես են կառուցում, որ տանեն դեպի Հռոմ, Հռոմը էս դեպքում Երկրապահն է»,- ասաց Սարուխանյանը։

«Ազատության» այն դիտարկմանը, որ ազատամարտիկներից ոմանք քննադատում են այս համագործակցությունը, Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց.- «Բայց Երկրապահը իրենց հարցը չի լուծում, Երկրապահն օգնում է, հարց լուծողը Սոցապնախարությունն է, կառավարությունն է։ Ով որ քեզ ասել է էդ, շաշ ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG