Մատչելիության հղումներ

logo-print

Ուսուցիչն ահազանգում է՝ պետական արվեստանոցը կարող է փայտամշակման կենտրոն դառնալ


Կենտրոնի պահպանման համար ակցիան Լևոն Իգիթյանը «բոշայություն» է որակում։

Շուրջ 30 տարի գործող Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակագործության և նկարչության արվեստանոցն այսօր կարող է փայտամշակման կենտրոն դառնալ: Սա արվեստանոցի 13 տարվա մանկավարժ Հրաչյա Համբարձումյանի պնդումն է:

Նրա խոսքով՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը որոշել է արվեստանոցը տեղափոխել ու այստեղ կահույքի արտադրամաս հիմնել:

«Ես սա համարում եմ մեծ առումով արվեստանոցի պայքար, որը պետք է քանդվի մշակույթի դպրոցը և դառնա փայտի արտադրամաս, որի խանգարողը ես եմ, և արդյունքում, ես դառնում եմ անձնավորված», - ասաց Համբարձումյանը։

Արվեստանոցի ներկայիս ու նախկին սաներն իրենց ծնողների հետ այսօր ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով Իգիթյանի այս որոշման դեմ:

«Աշակերտներն այրեցին իրենց նկարներն այն տարայի վառելիքով, որի վրա փակցված է պարոն Իգիթյանի նկարը՝ ցույց տալու համար, որ իրենք ստեղծում են այս ամենը, իսկ պարոն Իգիթյանն այրում և քանդում է այս ամեն ինչը», - հայտարարեց Համբարձումյանը։

Այսօր լրագրողների ներկայությամբ կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Էմմա Ասատրյանը գույքագրման նպատակով այցելել էր արվեստանոց: Նրա խոսքով՝ այս տարածքը վերանորոգվելու է, իսկ քանդակի, նկարչության և խեցեգործության արվեստանոցը տեղափոխվելու է այլ տարածք:

«Այստեղ ես կոլեկտիվ չեմ տեսնում, տեսնում եմ, օրինակ, Հրաչ Համբարձումյանին։ Սա կոլեկտիվ չի, սա Հրաչի համախոհներն են, կոլեկտիվը ես եմ, տեղակալն է, որ եկել է, հաշվապահն է, դա է կոլեկտիվը», - ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով՝ քանդակի, նկարչության և խեցեգործության այս բաժինը վերանորոգվելու է և տեղափոխվելու այլ տարածք: Իսկ այստեղ կգործի կահույքի արտադրամաս, որտեղ Գեղագիտության ազգային կենտրոնի համար սեղան-աթոռներ կարտադրեն:

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրին, որ խնդրո առարկա տարածքում կահույքի մշակման կենտրոն հիմնելու համար Իգիթյանի կողմից իրենք դեռ պաշտոնական առաջարկ չեն ստացել:

Նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պետական որևէ տարածքում չի կարող գործել մասնավոր կենտրոն:

Հրաչյա Համբարձումյանը, ասաց, որ Իգիթյանին չենթարկվելու համար իրեն աշխատանքից ազատել են. - «Սա հերթական մի տարածք է, որը փողոցի կողմից հարմար է, իսկ մեզ ուղարկում են քունջիկ մտած տարածք, որը մեր տարածքի ուղիղ կեսն է, և երբ որ մենք ընդդիմացանք, ասացին՝ «Ուրեմն, ուրիշ տարածք կգնաք»։ Ասացի՝ չեմ գնա, ասաց՝ կամ կգնաս, կամ դիմում կգրես կհեռանաս, ասացի՝ չեմ գրի, ասաց՝ ուրեմն կհեռացնեմ, ասացի՝ հեռացրեք՝ դա ձեր իրավունքն է, բայց ես իմ ուժերի ներածին չափով ամբողջ իմ թիմով պայքարելու եմ», - պատմեց Համբարձումյանը։

Պետական այդ տարածքի հետագա ճակատագրով հետաքրքրվողներիս Լևոն Իգիթյանն ասաց, որ դա մեր խնդիրը չէ, ու այսօրվա բողոքի ակցիան համարեց «բոշայություն»։

«Էդպիսի բան չկա, բայց եթե գտնեմ, որ պետք է էդպիսի բան, ես դա կանեմ, և ոչ մեկից պետք է թույլտվություն չվերցնեմ, բացի նախարարից։ Ցանկացած խնդրի շուրջ, եթե փողոցային ակցիա է, դա համարում եմ բոշայություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը։

XS
SM
MD
LG