Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարար է նշանակվել Թամար Բերուչաշվիլին


Այսուհետ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կղեկավարի երկրի ամենափորձառու դիվանագետներից մեկը` 53-ամյա Թամար Բերուչաշվիլին: Այս մասին երեկ երեկոյան Թբիլիսիում հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է տիկին Թամար Բերուչաշվիլին: Տիկին Թամարը շատ լավ է պատկերացնում, թե ինչ է հարկավոր անել արտաքին քաղաքական ասպարեզում, նա հստակ գիտի, թե ինչ մարտահրավերների է բախվում Վրաստանը, ինչ խնդիրներ են առկա: Թամար Բերուչաշվիլին շարունակելու է կյանքի կոչել քաղաքական այն կուրսը ,որ որդեգրել է Վրաստանի կառավարությունը: Բացի այդ համոզված եմ, որ տիկին Բերուչաշվիլին զգալի ավանդ կունենա մեր երկրի եվրոպական ինտերգրման գործում, քանի որ եվրոպական ընտրությունը վրաց ժողովրդի ընտրությունն է»,- հայտարարեց Ղարիբաշվիլին:

Մինչդեռ ընդամենը մեկ շաբաթ առաջ այն ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողԹամար Բերուչաշվիլին համոզված էր, որ Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությամբ և Մայա Փանջիկիձեի հրաժարականով Վրաստանն անդառնալիորեն շեղվում է եվրոպական ուղուց: Ավելին՝ Բերուչաշվիլին Փանջիկիձեի հետ միասին սկզբում ցուցադրաբար, ի նշան բողոքի հրաժարական ներկայացրեց, ապա հետ վերցրեց հրաժարականի դիմումը:

Մեկնաբանելով ոչ վաղ անցյալի իր այս տատանումները՝ նորանշանակ արտգործնախարարը հայտարարեց.- «Քաղաքական կուրսը անշեղորեն պահպանվելու է: Դրանից շեղվելու շռայլություն որևէ կառավարություն իրեն թույլ տալ չի կարող: Իմ կասկածները տևեցին ընդամենը մի քանի ժամ: Կարող եմ դրանք անվանել զգացմունքային թյուրիմացություն` համերաշխության հողի վրա: Շնորհակալ եմ վարչապետ Ղարիբաշվիլիից, կառավարության մյուս անդամներից, որոնք հստակորեն պատասխանեցին իմ բոլոր հարցերին։

Նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն արդեն իսկ մեկնաբանել է իր նախկին տեղակալի և մերձավոր զինակցի նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

«Ես մշտապես ուրախանում եմ, երբ սկզբունքային մարդիկ պաշտոնի բարձրացում են ստանում»,- հեգնել է Փանջիկիձեն:

Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարի կենսագրությանը, ապա պետք է նկատել, որ Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի շրջանավարտ Թամար Բերուչաշվիլին պետական կառավարման համակարգ մուտք է գործել դեռ 1992-ին` աշխատանքի անցնելով Վրաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների պետական կոմիտեում: 90-ականների կեսին Բերուչաշվիլին ուսումը շարունակել է Միացյալ Նահանգներում` Ինդիանայի համալսարանում: 1997 թվականին մի քանի ամիս աշխատել է Զբիգնև Բժեզինսկու վաշինգտոնյան գրասենյակում, իսկ 1998 -ին վերադառնալով Վրաստան՝ ստանձնել է առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարարի պաշտոնը: 2000-2004 թվականները Բերուչաշվիլին զբաղեցրել է սկզբում փոխարտգործնախարարի, ապա Եվրոպական ինտերգրման հարցերով պետնախարարի պաշտոնները: Մոտ 7 տարի շարունակ՝ 2004-2011 թվականներին Բերուչաշվիլին եղել է եվրաինտերգրման հարցերով պետնախարարի տեղակալ:

Ի դեպ, Բերուչաշվիլին դարձավ Վրաստանի թվով չորրորդ կին արտգործնախարարը: Նախորդ երեքը այս պաշտոնը զբաղեցրել էին 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո: Դրանք էին Սալոմե Զուրաբիշվիլին, ով պաշտոնավարեց 2004-ի մարտից 2005-ի հոկտեմբեր, Էկա Թքեշելաշվիլին (2008-մայիսից դեկտեմբեր) և Մայա Փանջիկիձեն, ով արտգործնախարարի պաշտոնում նշանակվեց 2012-ի հոկտեմբերին` «Վրացական Երազանք» դաշինքի` ընտրություններում տարած հաղթանակից հետո:

XS
SM
MD
LG