Մատչելիության հղումներ

Հունգարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հուշագիր են ստորագրել


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, Բուդապեշտ, 11-ը նոյեմբերի, 2014թ.
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, Բուդապեշտ, 11-ը նոյեմբերի, 2014թ.

Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ պետք է պայմաններ ստեղծել ադրբեջանական գազը Կենտրոնական Եվրոպա հասցնելու համար։

Հունգարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հուշագիր են ստորագրել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցելություն է կատարել Հունգարիա: Նա նոյեմբերի 11-ին հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Հանդիպումից ու բանակցություններից հետո հայտարարվել է, որ երկու կողմերը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել:

Օրբանը հայտարարել է, որ ադրբեջանական գազը Կենտրոնական Եվրոպա հասցնելը համապատասխանում է Հունգարիայի և Եվրոպայի շահերին: Նա նշել է, որ գոյություն ունեցող համաձայնագրերը հնարավորություն են տալիս ադրբեջանական գազը մատակարարել Հարավային Եվրոպա, և որ պետք է պայմաններ ստեղծել այն Կենտրոնական Եվրոպա հասցնելու համար:

Budapest Business Journal-ի փոխանցմամբ, Հունգարիայի վարչապետը Եվրամիության անդամ երկրներին հորդորել է գազի միասնական շուկա ձևավորել՝ որպես առաջին քայլ առաջարկելով իրար միացնել եվրոպական բոլոր երկրների գազատարների ցանցը:

Politics հունգարական կայքի փոխանցմամբ, Ալիևը, իր հերթին, ասել է, որ Ադրբեջանը էներգակիրների նոր աղբյուր է Եվրոպայի համար՝ հավելելով, որ Ադրբեջանը եվրոպական շուկայի կարիքն ունի։

Համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն արագորեն զարգանում են: Նա նաև ընդգծել է, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական հարաբերությունների մասին հուշագիրը ուղղված է ընդհանուր նպատակներին, համագործակցության հաջող զարգացմանը, ինչպես նաև օժանդակում է Եվրամիության հետ Ադրբեջանի կապերի զարգացմանը:

Ստորագրվել են նաև մի շարք այլ համաձայնագրեր, այդ թվում՝ միջազգային ավիացիոն բնագավառում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև կրթական, երիտասարդական հարցերով համագործակցելու ուղղությամբ:

Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետին հրավիրել է այցելել Ադրբեջան՝ շարունակելու երկխոսությունը:

Neftegaz.ru կայքը նշում է, որ ապագայում Շահդենիզ հանքավայրից Տրանս-Ադրիատիկ գազատարով նախատեսվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Եվրոպա՝ հեռանկարում ծավալները մեծացնելով մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի: Այդ ծրագիրը իրականացնելու դեպքում Հունգարիան տարանցիկ երկիր է դառնում, որը ադրբեջանական գազը ստանալով Ռումինիայից՝ այն մղելու է Ավստրիա: Գազատարի կառուցումը նախատեսվում է սկսել 2016 թվականին:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Վիկտոր Օրբանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Եվրամիության շրջանակներում և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող թեմաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG