Մատչելիության հղումներ

Մասնագետների խոսքով առանց թանկացման հնարավոր է ստեղծել անվտանգ երթևեկություն


Հանրային տրանսպորտի վերահսկման ոլորտում գործող հկ-ների կարծիքով՝ ստուգումները ձևական են, վարորդները՝ գերհոգնած, իսկ տրանսպորտային միջոցները միշտ չէ, որ համապատասխանում են նորմերին:

Տարեկան 1 700 միկրոավտուբուս, 480 ավտոբուս և 195 միլիոն ուղևոր: Սա Երևանի քաղաքապետարանի պաշտոնական վիճակագրությունն է: Պարզ թվեր, բայց բարդ խնդիր՝ արդյոք տրանսպորտից օգտվող միլիոնների կյանքն ապահով ձեռքերում է:

Հարցին միկրոավտոբուսի նախկին վարորդը հստակ պատասխան ունի․ - «Դե 10-12 տարվա գազելներ են, նույն մեքենան իրավունք կա՞ [վարելու], ի՞նչ պետք ա լինի վիճակը: Զիլ է, ավազ ա կրում, բայց սա մարդ ա տեղափոխում»:

Մեքենաների գերծանրաբեռնվածություն, անօրինական ապամոնտաժում, նստատեղերի ավելացում, տրանսպորտի վիճակի մասին պատկերացումները «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեկ բառով է ամբողջացնում՝ խայտառակություն:

Այս բնորոշումը տարիների պատմություն ունի, տրանսպորտի որակի մասին խոսակցությունները և ոլորտում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը հատկապես սրվեց անցյալ տարի: Հենց այդ ժամանակ էլ, ըստՊիպոյանի, Երևանի քաղաքապետարանը դիմեց պարզ մանիպուլյացիայի․ հանուն տրանսպորտի որակի բարելավման քաղաքացիների պահանջը վերածվեց ընդդեմ թանկացման՝ անմխիթար վիճակը թողնելով նույնը:

«Բոլորիս մեջ կա մտավախություն, որ մի հատ կարևոր հարց հիմա բարձրացնենք, էլի գներ թանկացումից են խոսելու», - ասաց Պիպոյանը:

Առանց մեկ դրամ թանկացման էլ, հնարավոր է քաղաքում ստեղծել ապահով ու անվտանգ երթևեկություն։ Տրանսպորտային ոլորտում ակտիվ մասնակցություն ունեցող Պիպոյանը այս հարցում կասկած չունի։ Կասկածներ չունի նաև դրա լուծման ուղիների վերաբերյալ։

Չկա վերահսկող, չկա պատասխանատու: «Աքիլլես» հկ-ում նույնպես պնդում են, որ եղած միջոցները թեև բավարար չեն տրանսպորտի ոլորտը կատարյալի բերելու, սակայն այն անվտանգ դարձնելու համար լծակներ ու հնարավորություններ կան։

Կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ մնում է միայն գործի անցնել, ինչը ցավոք դեռ չի նկատել։

«Ով ինչ ուզում անում է, կարևորը՝ բերեն ստուգման, որ համապատասխանի էդ իրանց նորմերին, բայց էդ բերածն էլ չի համապատասխանում: Ո՞նց են տալիս էդ թույլտվությունը, լիցենզիաները, ես չեմ հասկանում: Հաշվառված է 20 մեքենա, շահագործում են 40 մեքենա», - նշեց Հովհաննիսյանը:

Տրանսպորտի տեխնիկական վիճակից բացի, վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահը կարևորում է նաև այն շահագործողներին։ Օրական 12 ժամից ավելի առանց հանգստյան օրերի աշխատողվարորդների հարցում շատ երթուղային գծերից օգտվող քաղաքացիներ նույնպես մտավախության տեղիք ունեն։

«Վարորդները չունեն վկայականներ, դրանցից զրկված՝ վարում են, և տեսնում ես ավտոբուսները վարում են ոնց ուզում են», - ընդգծեց նա։

Մատչելի է և հարմար․ սրանք մեքենայում գազաբալոններ տեղադրող վարորդների առանցքային հիմնավորումներն են։ Հասարակական տրանսպորտում, օրինակ՝ մարդատար տաքսիներում դրանք բեռնախցիկի հիմնական պարունակությունն են, իսկ երթուղայիններում՝ ավելի տեսանելի են՝ հենց ուղևորների նստատեղերի տակ։ Գազով շահագործման համար մոտ երեք անգամ էժան վճարող վարորդները գազաբալոնի վտանգավորության մասին վթարներից հետո են միայն սկսում մտածել։ Նախկին երթուղայինի վարորդի խոսքից դատելով՝ պատկան մարմինները նույնպես։ Իսկ օրենքով նախատեսված գազաբալոնների ստուգումները կրում են ձևական բնույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG