Մատչելիության հղումներ

ՀՊՃՀ-ի նախկին աշխատակիցն ասում է՝ ռեկտորը ցանկանում է իրեն քավության նոխազ դարձնել


Ճարտարագիտական համալսարանի դասախոս, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը հայտարարում է, որ իր և մորեղբոր՝ Աշոտ Խաչատրյանի հանդեպ համալսարանի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում։

Նախկին դասախոսին մեղադրում են դասերից բացակայելու համար, և անգամ կասկածում կիբեռհանցագործության մեջ։ Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջում ոչ պատշաճ բովանդակության երկխոսություն էր հայտնվել տեղեկատվության բաժնի պետ Ռուզաննա Հայրապետյանի հետ։ Հիմնական կասկածյալը Խոեցյանն է։

«Կա շատ մեծ ռիսկ, որ նախաքննությունից հետո կհայտարարվի, որ «դե չգտանք ով էր, բայց ամենայն հավանականությամբ չաթը սարքած էր»։ Ու էս մարդու անունը մնալու է արատավորված։ Հանրության աչքերում ինքը մնալու է որպես էդ տեքստերի հեղինակ։ Այսինքն ինքը լավ գիտակցում է, որ որպիսի հանրային կարծիք ձևավորի, հետ բերի իր բարի համբավը, ինքը պետք է քավության նոխազ գտնի։ Պետք է գտնի մեկին, որ ասի՝ «ժողովուրդ ջան, այ, սա էր արել»,- ասաց Խոեցյանը։

Վլադիմիր Խոեցյանին, սակայն, պաշտոնապես աշխատանքից ազատել են ոչ թե այս կասկածների, այլ աշխատանքից բացակայելու երկու նկատողությունների հիման վրա։ Նա, սակայն, պնդում է, որ աշխատանքի չի եկել, քանի որ Հովհաննես Թոքմաջյանի վիրտուալ սկանդալի գործով իրեն ոստիկանություն էին կանչել։ Նույն օրերին պաշտոնից հեռացվել է նաև Խոերցյանի մորեղբայրը՝ Աշոտ Խաչատրյանը։ Ընդամենը երկու ամիս առաջ բացված միջբուհական կապերի գծով պրոռեկտորի նրա հաստիքն այլևս գոյություն չունի։ Որոշումը կայացվել է գիտխորհրդի նիստում

«Ռեկտորը ցուցակով մարդկանց անուններն է կարդում, մարդիկ գոռում են «կողմ» կամ «դեմ» իրանց նստած տեղից։ Էդ հլը մի կողմ։ Գալիս է, ավարտվում է քվեարկությունը, լինում է 45 կողմ, 45 դեմ։ Ինքը ընդմիջում է հայտարարում առանց ամփոփելու արդյունքները։ Վերցնում է դեկաններից մեկին, տանում է ներսի սենյակ։ 10 րոպե առանձնազրույցից հետո էս մարդը գալիս է իր ձայնը փոխում է, դառնում է 44 դեմ, 46 կողմ էդ հաստիքը կրճատելուն»,- պատմեց Խոեցյանը։

Ճարտարագիտական համալսարանում մեզ դիմավորեց միջբուհական համագործակցության և տեղեկատվության վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանը, ով էլ համարվում է վիրտուալ երկխոսության մասնակիցը։ Նա ասում է, որ չարած բանի համար չի պատրաստվում արդարանալ, իսկ մեղավորներն իրենց պատիժը կստանան։ Ըստ նրա, աշխատանքից ազատման որոշումներն իրար, ինչպես նաև վիրտուալ միջադեպի հետ ոչ մի կապ չունեն։

«Քվեարկությամբ կրճատվել է պրոռեկտորի համապատասխան հաստիքը։ Կրճատվել է ևս շուրջ 10 հաստիք, և դա տեղի է ունեցել բարեփոխումների շրջանակում, այսինքն նպատակահարմար չի գտնվել պահել հաստիքներ, քանի որ մեր առջևում ունենք ուսանողներին զեղչեր տրամադրելու քաղաքականություն, որ արդյունքում կրճատվել են ոչ միայն պրոռեկտորի, այլև մի շարք այլ հաստիքներ։ Դրանք իրար հետ կապելը ուղղակի անհեթեթություն է»,- ասաց Հայրապետյանը։

Վերոնիկա Խորասանյանը յոթ տարի ղեկավարել է համալսարանի նույն՝ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը։ Երբ նա ամիսներ առաջ կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված դիմում էր գրել, որ իր աշխատավարձից պահումներ չանեն, զրկվել էր պաշտոնից։ Ըստ նրա եթե այն ժամանակ դա նախադեպ էր, ապա այսօր սովորական գործելաոճ է դարձել։

«Ստացվեց էնպես, որ հիմա ցանկացած ոք, ով կհանդգնի դեմ գնալ ռեկտորին, անմիջապես կհայտնվի ածելու ծայրի վրա»,- ասաց Խորասանյանը։

Ածելու ծայրին հայտնվելուց հետո դասախոսը չէր լռել ու շարունակել էր պայքարել իր իրավունքների համար։ Ըստ նրա՝ Աշխատանքային օրենսգիրքը թեև պաշտպանում է նման դեպքերից, բայց այն շրջանցելու եղանակներ միշտ էլ լինում են։ Համալսարանի ներսում էլ պաշտպանվելու մեխանիզմներ դժվար է գտնել։

«Եվ ես, և ներկայիս աշխատակիցները ամենակարճ ճանապարհը գտել ենք՝ դատական վարույթ հարուցելը, որովհետև Արհմիութենական կոմիտեին դիմելն ուղղակի անհույս կլիներ։ Կարծում եմ՝ դա միայն մեր կազմակերպության, մեր Պոլիտեխնիկի խնդիրը չի։ Դա երևի ամբողջ հանրապետության արհմիությունների խնդիրն է»,- նշեց Խորասանյանը։

Վլադիմիր Խոեցյանը արհմիությանը չի դիմել և փորձելու է համալսարան վերադառնալ դատական կարգով։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG