Մատչելիության հղումներ

ԿԲ-ի ներկայացուցիչը պնդում է, թե բանկի որևէ սերվեր չի կոտրվել


Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Կենտրոնական բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակիցը՝ արձագանքելով երեկ տարածված լուրերին, թե ադրբեջանական հաքերները Հայաստանի կենտրոնական բանկի որոշ տվյալներ են հրապարակել։

«Մենք հայտարարում ենք, որ մեր բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, իսկ կոտրման փորձերը հաջողությամբ կասեցվում են», - ասաց նա՝ շարունակելով․ - «Ներկա պահին Կենտրոնական բանկի մասնագետները քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար: Նշենք, որ այդ արխիվում պարունակվում են հին, ոչ արդիական, որոշ դեպքերում նաև կեղծ տվյալներ»:

Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական հաքերները Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել՝ 2.4 GB արխիվ, որտեղ կան նամակներ, պայմանագրեր և այլն։

«Ազատության» հետ զրույցում փորձագետն այսօր նշեց, որ սեպտեմբերին ադրբեջանցիները կոտրել էին Կենտրոնական բանկի լիցենզիաների առցանց տրամադրման կայքէջը, և հրապարակված ֆայլերի մի մասը հենց այդ կայքից են։ Ուստի Մարտիրոսյանը ենթադրում է, որ ինչ-որ կապ կարող է լինել Կենտրոնական բանկի կայքէջի վրա սեպտեմբերին իրականացված հաքերային հարձակման ու երեկ հրապարակվածի միջև:

Մարտիրոսյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե որքանով է պաշտպանված ու հուսալի Կենտրոնական բանկի կայքը․ - «Եղել է ինչ-որ հարձակում սեպտեմբերին, որը պարզ չէ, թե որքան խորն է եղել․․․ Ակնհայտ է, որ հաքերներին ինչ-որ բան հաջողվել է անել, բայց որքան խորն են իրենք ներթափանցել, դրա մասին չգիտենք, քանի որ Կենտրոնական բանկը ոչ մի ձևով դրա վերաբերյալ ռեակցիա չի տվել: Եվ հետո ինչ-որ փաստաթղթեր հայտնվել են հայտնվել են ցանցում: Քանի որ մինչև հիմա պարզ չէ, թե դրանք ոնց են հայտնվել, բայց փաստ է, որ հայտնվել են․․․ այդ ամեն ինչը համադրելով՝ շատ դժվար է հասկանալ, թե ինչքան է պրոբլեմը խորը: Հաշվի առնելով, որ Կենտրոնական բանկը հերքում է, ավելի դժվար է հասկանալ, թե պրոբլեմը որտեղից է գալիս, և ընդհանրապես մենք կլսե՞նք որևէ բացատրություն դրա մասին, թե՞ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG