Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմանային մաքսակետերում ԵՏՄ-ի ներկայացուցիչներ կհայտնվեն


Ֆինանսների նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանային անցակետ տեղադրելու հարցը փոփոխությունների այս փաթեթում ներառված չէ։

Շուտով Հայաստանի սահմանային մաքսակետերում Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ կհայտնվեն՝ հայկական կողմի հետ համատեղ աշխատելու նպատակով: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որԵվրասիական տնետսական միությանն անդամակցելու ճանապարհին սա մաքսային ոլորտում միակ փոփոխությունը չի լինի․ այժմ բազմաթիվ հարցեր են քննարկվում։

«Մենք հիմա 240 մաքսային կարգավորումների վրա ենք աշխատում: Բավականին ծավալուն, բարդ ընթացակարգեր են, երբ որ կավարտվի, դուք տեղյակ կլինեք», - ասաց Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանային անցակետ տեղադրելու հարցը փոփոխությունների այս փաթեթում ներառված չէ։

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանի կարծիքով առաջիկայում Եվրասիական միության ներկայացուցիչներ կարող են հայտնվել նաև Ղարաբաղի հետ սահմանին, որտեղ մաքսակետ տեղադրելու շուրջ ընդդիմախոսների մտահոգությունները դեռ ամբողջովին չեն փարատվել։

«Հայաստանի հանրապետությունը ընդունում է, որ Եվրասիական սահմանը անցնում է Հայաստանի և Արցախի սահմանով, և այդտեղ պետք է լինի մաքսային կետեր, սա փաստ է, թե երբ դա կլինի, դա արդեն ուրիշ հարց է: Ակնհայտ է, որ շատ մոտ ապագայում Ռուսաստանը Եվրասիական միության սահմանները դարձնելու է ընդհանուր մաքսային վերահսկողության սահմաններ և կենտրոնացված մաքսային ծառայություն է իրականացրել: Դրանից հետո հետևելու են սահմանապահները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը:

Այս տարվա հուլիսին Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացառել էին Ղարաբաղի հետ սահմանին անցակետի տեղադրումը։ Արդեն Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը ստորագրելուց հետո Գալուստ Սահակյանը նույն հարցին անորոշ պատասխան էր տվել։ Մաքսային ոլորտը վերահսկող ֆինանսների նախարարն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան չբացառեց մաքսակետի տեղադրման հնարավորությունը։

«Ասում եմ չի քննարկվում, երբ որ քննարկվի՝ լինի, չլինի, դուք կիմանաք», - ասաց ֆինանսների նախարարը:

Առաջիկայում նաև Մաքսային ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Հայաստանը Եվրասիական միությունից 84 միլիոն դոլար է ստանալու: Գագիկ Խաչատրյանը ասաց, որ դա դրամաշնորհ է․ - «Տարբեր նպատակների՝ մաքսային ծրագրերի, օրենսդրական փոփոխությունների, բյուջետային աջակցությաւն»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ այժմ նաև աշխատանքներ են տարվում նոր մաքսակետերի կառուցման շուրջ: Արդեն հաջորդ տարի 3 նոր մաքսակետ շահագործման կհանձնվի: Հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր է արդիականացվի նաև Ղարաբաղի հետ սահմանակետը, Խաչատրյանը պատասխանեց, որ դա դեռ չեն քննարկում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG