Մատչելիության հղումներ

Դատապարտյալի հարազատները անժամկետ հացադուլ կսկսեն նախագահականի դիմաց


Դատապարտվածի հարազատները մեղադրանքն անհիմն են համարում, գործի շուրջ նախագահից վերահսկողություն են պահանջում։

Տարիներ առաջ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողության գործում որպես օժանդակող ներգրավված Աշոտ Առուշանյանի հարազատները պնդում են, որ իրենց 28-ամյա որդուն ներկայացված մեղադրանքը անհիմն է:

Այսօր Առուշանյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում էին, որ երկրի ղեկավարն իր հսկողության տակ վերցնի գործի դատական ընթացքը:

HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ, ԵՊՀ և Ամերիկյան համալսարանների գերազանց շրջանավարտ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է այն բանում, թե նա փաստաթուղթ է տրամադրել գողության մեջ մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանին այն մասին, որ բանկի հաճախորդ հանդիսացող տուժողը խոշոր կանխիկ գումար ունի: Ենթադրվում է, որ այդ տեղեկատվության իրացման շնորհիվ էլ Կարաքեշիշյանը գողություն է կատարել: Գործն այս պահին գտնվում է Վերաքննիչ դատարանում: Աշոտի հոր՝ Լավրենտ Առուշանյանի խոսքով՝ գործն ի սկզբանե սխալ հունով է ընթացել քննիչի պատճառով։

«Էրեբունու ոստիկանության ավագ քննիչ Մուշեղ Ալեքսանյանը անհիմն, կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով՝ ամեն ինչ արել է որպեսզի իրենց սև գործն առաջ տանեն։ Ամբողջ դատաքննության ժամանակ ինչ առաջ են քաշել դատարանում, ամբողջովին հերքվել է, բայց կան ուժեր, որոնք խոչընդոտում են այս գործի արդար լուծմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լավրենտ Առուշանյանը։

Գործով մեղադրյալներից մեկի՝ Արտաշես Գալուստյանի խափանման միջոցի փոխվելուց հետո նրան ու հորը իրենց կիսակառույց տանը կախված են գտել: Գալուստյանի խցակիցների ցուցմունքներով՝ վերջինիս ոստիկանական բաժանմունքում անմարդկային խոշտանգումների են ենթարկել, նա հոգեբանական ծանր վիճակում է գտնվել:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ չնայած խցակիցների ցուցմունքներին՝ ժամանակին այդ խոշտանգումների մասով անգամ ծառայողական քննություն չի իրականացվել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ոստիկանությունը շարունակում է խոշտանգումների իր քաղաքականությունը: Իսկ այն գործերը որոնք ոստիկանությունում ուղեկցվում են բռնություններով՝ միշտ անմեղ մարդիկ են տուժում:

«Սա այն հերթական գործերից մեկն է, որտեղ ոստիկանությունը հանդես է գալիս իր դեմքով՝ այսինքն խոշտանգումների, ակնհայտ բռնությունների, ընդ որում, մահվան ելքով, և այն գործերը, որոնք խոշտանգումների արդյունքում են սարքվում, միշտ տուժում են անմեղ մարդիկ։ Որտե՞ղ է Դատախազությունը, հարց է առաջանում», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն աբսուրդ է համարում նաև այն, որ դատարանն անթույլատրելի ապացույց է ճանաչել հանգուցյալ Գալուստյանի ու Առուշանյանի առերեսման ու հարցաքննության փաստը, հետո մեղադրական դատավճիռ է կայացրել:

Այժմ հոգեբանական ծանր վիճակում է գտնվում նաև Աշոտ Առուշանյանը, ով գիտական թեզի պաշտպանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ է ձերբակալվել: Մայրն ասաց, որ հատուկ են մեղքը բարդել իր որդու ուսերին՝ կարծելով, որ բանկը կփոխհատուցի վնասը։

«Առաջինը՝ որպեսզի բանկը փոխհատուցի, որովհետև բանկային համակարգում այդպիսի պայմանագիր կա՝ եթե բանկի աշխատողի մասնակցությամբ հաճախորդը վնաս է կրում, ապա բանկը պարտավոր է փոխհատուցել։ Հաջորդը՝ որպեսզի շատ աղմուկ բարձրանա», - ասաց Առուշանյանի մայրը։

Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի դատավորը դատավճռի հիմքում անձնական ենթադրություններ ու չփաստարկված կասկածներ է դրել:

5.5 տարի անազատության դատապարտված Առուշանյանի ընտանիքի անդամները վաղվանից անժամկետ հացադուլ են սկսելու նախագահի նստավայրի դիմաց: Այսօր գործի ողջ մանրամասներն ու փաստաբանի կողմից արձանագրված խախտումները նամակի տեսքով հարազատները պատրաստվում են հանձնել նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին:

XS
SM
MD
LG