Մատչելիության հղումներ

Նախարար․ Հայաստանը հույս ունի ԵՄ հետ տնտեսական նոր պայմանագիր ստորագրել


Նախարարն ընդգծեց, որ ԵՄ հետ նոր պայմանավորվածությունները չեն հակասի «մեր այլ միջազգային պարտավորություններին»:

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանը հույս ունի Եվրամիության հետ պայմանագիր ստորագրել տնտեսական համագործակցության վերաբերյալ:

Նախարարը օրերս Բրյուսելում էր ու Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանի հետ ստորագրեց մի փաստաթուղթ, ըստ որի 2014-2017 թվականների ընթացքում ԵՄ-ը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար:

«Մենք հույս ունենք, որ որոշակի ձևաչափ ընտրելուց հետո կարող ենք ստորագրել պայմանագիր տնտեսության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու, համենայնդեպս, և հանձնակատարի հետ հանդիպումը, և մտքեր փոխանակությունը, որը դրան հաջորդեց, և ենթակոմիտեի նիստը, որը անց էր կացնում առաջին տեղակալը․․․ Իրենք եկել են եզրակացության, որ եվրոպական կողմը պատրաստակամ է, հայկական կողմը՝ առավել ևս, որպեսզի շարունակենք համագործակցությունը», - ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը խուսափեց նշել, թե Եվրամիության հետ տնտեսական համագործակցության ինչ ձևաչափ է ընտրվելու: Փոխարենը ընդգծեց, որ Բրյուսելի հետ տնտեսական նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն «այն մասով, որը չի հակասի մեր այլ միջազգային պարտավորություններին»:

«Մեր նպատակն է, որպեսզի ոչ մի համագործակցություն ոչ մի ուղղությամբ չտուժի, սա սկզբունքային մոտեցում է, ընդհակառակը՝ մեկը մյուսին նպաստի: Այսինքն՝ Հայաստանը դառնա հարթակ, օրինակ, եվրոպական ներդրողների համար, որպեսզի Հայաստանում արտադրեն ու բնականաբար, իրացնեն այն շուկայում, որը ավելի պարզեցված ռեժիմով Հայաստանի հանրապետությունը կարող է ընդունել», - ընդգծեց Ճշմարիտյանը:

Գագիկ Մելքոնյան, 11-ը նորյեմբերի, 2014թ․

Գագիկ Մելքոնյան, 11-ը նորյեմբերի, 2014թ․

Էկոնոմիկայի փոխնախարար․ դեկտեմբերին ՀՀ-ն ու ԵՄ-ն մեկ քայլ առաջ կգնան

«Ազատության» հարցին այն մասին, թե արդյո՞ք Երևանում սպասում են, թե երբ կամբողջանան Հայաստան-Եվրասիական միություն պայմանավորվածությունները, որից հետո միայն կոնկրետ առաջարկություններ կարվեն Եվրամիությանը:

«Մենք պայմանավորվել ենք համատեղ աշխատել Եվրոպական կողմի մեր գործընկերների հետ, և մոտեցումը եղել է, որ ոչ մենք պետք է իրենց սպասենք, ոչ՝ իրենք մեզ: Յուրաքանչյուր կողմ պետք է ներքին իր աշխատանքներն իրականացնի և ներկայացնի էն մոտեցումները, թե որ ոլորտներում ինչ խորությամբ, ինչ աստիճանով է պատկերացնում, որ կարող է ձևավորվել նոր օրակարգ՝ Հայաստան-ԵՄ ոլորտային առևտրատնտեսական համագործակցության մասով, և ինչ իրավական փաստաթղթային հիմքի մասին մենք կարող ենք խոսել», - նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը:

Միտքը շարունակելով՝ Մելքոնյանն ասաց, որ «սա, ըստ էության, աշխատանքի սկիզբն է»:

«Եվ դեկտեմբերի սկզբին նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը, որը որ կառույց է՝ ստեղծված դեռևս Համագործակցության և գործընկերության համաձայնագրի հիման վրա և կոմիտեի շրջանակներում կարծում եմ, մենք մեկ քայլ առաջ մենք վստահաբար կգնանք»:

Անցած տարի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի անկնկալ հայտարարությունը, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությանը՝ չնայած ավելի քան երեք տարի բանակցում էր Եվրոպական միության հետ՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նպատակով, շատերի կարծիքով՝ ճգնաժամ առաջացրեց Բրյուսելի հետ Երևանի հարաբերություններում:

Հարցին, թե Եվրամիության հետ աջակցության նոր փաթեթի ձեռքբերումը թույլ տալիս է ասել, որ ճգնաժամային փուլը հաղթահարված է, Մելքոնյանն արձագանքեց․ - «Ես էդպես կտրուկ տարբերակում չէի դնի, որ այս ընթացքում որևէ բան տեղի չի ունեցել, հիմա մեկնարկը տրվում է, բայց միաժամանակ նաև ուզում եմ համաձայնվել ձեզ հետ, որ էս աշխատանքների մեկնարկով մենք ինչ-որ առումով նոր թափ ենք հաղորդում, որպեսզի քննարկվի, թե հետագայում մենք ինչ համագործակցության ոլորտներ ենք հատկապես ընտրում որտեղ ինչ խորությամբ ենք կարողանում մտնել մանրամասների մեջ և ինչ նոր օրակարգ ենք ձևաովորում»:

Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանը ստորագրի Ասոցիացան համաձայնագրի միայն քաղաքական մասը, Մելքոնյանն արձագանքեց․ - «Կարծում եմ այդ ամեն ինչին կարելի է անդրադառնալ քննարկումների արդյունքում, բայց այն քննարկումները ինչ որ մենք ունեցել ենք օրեր առաջ վերաբերում էր առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերին: Արտաքին գործերի նախարարությունը, բնականաբար, այն ինչ վերաբերում է քաղաքական մասի համագործակցությանը էդ մասով աշխատանքները կտանի»:

XS
SM
MD
LG