Մատչելիության հղումներ

Թուրք պաշտոնյա. Թուրքիան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ


Ալթայ Չենգիզերի խոսքով՝ Թուրքիայի համար ամենամեծ մղձավանջը կլինի ԱՄՆ-ի կողմից զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները ցեղասպանություն ճանաչելը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ուժեղացնի իր ռազմավարությունը՝ դիմակայելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հայերի ճնշումներին, որոնք ավելի կուժեղանան այդ իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունում քաղաքականության պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը Hurriyet Daily News-ին ասել է, որ Ամերիկայի հայկական համայնքը 100-ամյակի տարելիցը դիտարկում է հնարավորություն ապացուցելու համար, որ Օսմանյան իշխանությունները պլանավորել և իրականացրել են հայերի ցեղասպանությունը

100-ամյա տարելիցը նա համեմատել է 11 մետրանոց տուգանային հարվածի հետ՝ ասելով, թե ոմանք դա շանս են համարում խնդիրը լուծելու համար։

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Թուրքիայի համար ամենամեծ մղձավանջը կլինի ԱՄՆ-ի կողմից զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները ցեղասպանություն ճանաչելը։ Ալթայ Չենգիզերը նշել է, որ Թուրքիան միշտ կտրականապես հերքել է ցեղասպանություն տերմինը և մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը։

«Ցեղասպանությունը քաղաքական կոնցեպցիա է, Թուրքիան արժանի չէ, որ աշխարհի առաջ ներկայացվի որպես ցեղասպանություն կատարած երկիր», - հայտարարել է նա։

Թուրքի դիվանագետն ասել է, որ նոր է վերադարձել Վաշինգտոնից, և այնտեղ տեսել է, որ ամերիկահայ խմբերը սկսել են մեղադրանքների հզոր արշավի նախապատրաստվել։

«Նրանց նպատակն է Թուրքիան թողնել անցյալի հետ, որը նա չի կարող հաղթահարել։ 2015 թվականը նրանց թիրախն է։ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերն այդ մեղադրանքների դեմ իր ճշմարտությունը ներկայացնելու համար, բայց ժամանակը ցույց կտա, թե դա որքանով կհաջողվի։ Եթե մենք հաջողություն չունենանք, ապա պետք է որոշենք, թե որն է մեր ռազմավարությունը 2015 թվականից հետո, ուրիշ ճանապարհ չկա», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան։

France-Presse -ը հիշեցնում է, որ 2009 թվականին Հայաստանը և Թուրքիան հարաբերությունները կարգավորող արձանագրություններ են ստորագրել, բայց հինգ տարի է անցել, իսկ արձանագրությունները վավերացված չեն։

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երբ դեռ վարչապետ էր, անցած ապրիլին հանդես եկավ աննախադեպ ցավակցական ուղերձով՝ սպանությունները բնորոշելով որպես «մեր ընդհանուր ցավը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG