Մատչելիության հղումներ

12 կետերի վերաբերյալ կառավարության պատասխանը «վերանայելու մասին խոսք չի եղել»


12 կետերը վերանայելու մասին խոսք չի եղել, այսօր պարզաբանել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը։

Աբրահամյանը հստակեցրել է՝ անհրաժեշտության դեպքում ընդամենը կարող են մանրակրկիտ բացատրություններ տալ։

«Վերանայելու մասին խոսք չի եղել, մենք մանրակրկիտ գրավոր պատասխանել ենք 12 կետերին և պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե կլինի անհրաժեշտություն ավելի մանրակրկիտ բացատրություն տալու»,- ասաց վարչապետը։

Երեկ «Արմենպրես»-ի հետ զրույցում երկրի ղեկավարը անդրադարձել էր ոչ իշխանական ուժերի կողմից իշխանությանը ներկայացրած 12-ի պահանջներին, որի շուրջ կառավարությունն այս տարվա հոկտեմբերի հայտնել էր իր տեսակետը՝ պնդելով, թե պահանջների մի մասը արդեն իսկ իրագործվել է, մնացյալի համար դեռ ժամանակ է պետք։

Չնայած կառավարության այս պարզաբանմանը, երեկ Սերժ Սարգսյանն ասել էր, թե առաջարկել է, որ գործադիրը կրկին անդարադառնա այդ փաստաթղթին:

«Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»,- ասել էր նախագահ Սարգսյանը։

Փաստորեն երկրի ղեկավարի այս խոսքերին անդրադառնալով՝ վարչապետը հստակեցնում է՝ 12 կետերը ոչ թե վերանայելու են, այլ իշխանության տեսակետների շուրջ մանրակրկիտ բացատրություններ են տալու:

Դեռևս այս տարվա հունիսին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը իշխանություններին ներկայացրեցին 12 կետից բաղկացած պահանջներ, որոնց մեջ ո՛չ նախագահ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջ չկար: Փոխարենը դրանք ներառում են կարմիր գծերին, արագաչափերին, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելուն, Ընտրական օրենսգիրքը բարեփոխելուն առնչվող հարցեր:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը անսպասելիորեն որոշեց անդրադառնալ ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանը ներկայացած 12 պահանջներին, արդյոք իշխանությունը այս գործընթացը իբրև փոխզիջո՞ւմ է դիտարկում, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե խնդիրը փոխզիջման մեջ չէ, Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ ցույց է տալիս, որ գործելու մեկ միջոց կա՝ երկխոսություն և համագործակցություն:

«Իշխանությունը նախագահի շուրթերով, նախագահի մակարդակով ցույց տվեց, որ իշխանության գործիքը ոչ թե կոնֆրոնտացիան է, այլ երկխոսությունն է, հանդուրժողականությունն է, համագործակցությունն է, ընդհանուր եզրեր գտնելն է և որևէ դեպքում կամուրջներ չայրելն է»,- ընդգծեց Հանրապետականի խոսնակը։

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը իր երեկվա հայտարարությամբ արձագանքե՞լ է հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած առաջարկներին, և արդյոք այս փոխզիջումային տարբերակին երկու գործիչները հանգել են իրենց հանդիպման ընթացքում, Շարմազանովը պատասխանեց.- «Ոչ, սա ընդամենը խոսում է մի փաստի մասին, որ Հայաստանի նախագահը չի գնում կամուրջներ այրելու ճանապարհով»։

«Կառավարությունը, Հանրապետականը հստակ ասել էին, որ իրենց տեսակետները հայտնել էին, այդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ հնարավոր եղավ այդ կետերի շուրջ ինչ-որ համաձայնությունների գալ»,- այս հարցին ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց.- «Խոսքը կետերի շուրջ համաձայնության մասին չէ։ Մենք մանրամասն պատասխան տվել ենք, միգուցե մեր ընդդիմադիր գործընկերները ուշադիր չեն կարդացել կառավարության հիմնավորումները, միգուցե բավարարված չեն»։

«Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստ է համագործակցության, իսկ թե ինչպիսի արդյունք կլինի, կախված է նաև մեր ընդդիմադիր և ոչ իշխանական գործընկերների պահվածքից»,- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով հարցին, թե բացառում է, որ նախագահը այս հայտարարությունը արել է հենց Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Շարմազանովն ասաց.- «Ես Ձեր հարցին արդեն պատասխանել եմ, իսկ ընդհանուր առմամբ, վերանալով Ձեր հարցի կոնկրետությունից, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է և շատ բան չի կարելի բացառել»։

Հավելենք, որ Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստանը» առայժմ հրաժարվում են արձագանքել Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը: Ոչ իշխանական ուժերը դեռ պետք է քննարկեն այն և ամենայն հավանականությամբ հանդես կգան միասնական հայտարարությամբ:

XS
SM
MD
LG