Մատչելիության հղումներ

Վերլուծաբան․ Նախագահը կարծես ակնարկում է Ծառուկյանի հետ պայմանավորվածության մասին


Մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ
Մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Ըստ Հակոբ Բադալյանի, Սերժ Սարգսյանը իր վերջին հայտարարություններով փորձում է իշխանափոխության թեման տեղափոխել Կառավարություն - եռյակ հարաբերությունների դաշտ:

Պատահական չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան»-ը և Հայ ազգային կոնգրեսը փորձում են հարաբերություններ պարզել, իրենց ձևակերպմամբ՝ մարտավարական տարակարծությունների շուրջ, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Սովորաբար ներքաղաքական հարցերի չպատասխանող Սերժ Սարգսյանը հանկարծ անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին։ Այստեղ կարծես թե անուղղակիորեն ակնարկ կա Գագիկ Ծառուկյանի հետ որոշակի պայմանավորվածության մասին՝ կապված այն տեղեկության հետ, որ եղել է Սարգսյան - Ծառուկյան հանդիպում, որը ոչ հաստատվում է և ոչ էլ հերքվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով․ - «Եվ հետաքրքրական է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվությունից հետո ծավալվեցին բավական հետաքրքիր զարգացումներ նաև եռյակի շրջանակում, և այս մասով 12 կետերին վերադառնալու մասին Սերժ Սարգսյանի խոսքը կարծես թե իր տողատակում պարունակում է ակնարկ այն մասին, որ դրա շուրջ պայմանավորվածություն է եղել հենց Գագիկ Ծառուկյանի հետ»:

Հիշեցնենք՝ երեկ Սերժ Սարգսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասաց, որ առաջարկել է Կառավարությանը կրկին անրադառնալ ընդդիմադիր ուժերի՝ դեռ հունիսին առաջադրած 12 կետերին, անգամ դրանց վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» մշակել:

Ըստ Հակոբ Բադալյանի, Սերժ Սարգսյանը 12 կետերին անդրադառնալով՝ փորձում է օրակարգային իշխանափոխության թեման տեղափոխել Կառավարություն - եռյակ հարաբերությունների դաշտ:

«Որովհետև այդ 12 կետերը Կառավարության տիրույթում են, և սրանով փաստացի նաև ինչ-որ կերպ իջնում է այն նշաձողը, որ հանրահավաքների ընթացքում փորձում են սահմանել՝ որ «եկել ենք իշխանափոխության, ամբողջական իշխանափոխություն և այլն»: Հիմա փաստացի, եթե վերադառնում են 12 կետին, դա հանրահավաքների նշաձողի իջեցում է, և, կարծում եմ, հենց նաև սրանով էր պայմանավորված ՀԱԿ-ի անհանգստությունը, որ արտահայտվել էր ՀԱԿ-ի հայտարարության մեջ», - ասաց վերլուծաբանը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը նոյեմբերի 6-ին քաղխորհրդի նիստում որոշել է երկրի բոլոր կարևոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորել։ Հայ ազգային կոնգրեսն էլ, հայտարարելով, թե գաղափարը վատը չէ, միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց, որ «ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG