Մատչելիության հղումներ

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները ներկայացվեցին ԱԺ-ում


Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց հետամուտ լինել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` մի քանի օր առաջ հնչեցրած հայտարարություններին և պարզել, թե հատկապես ում նկատի ուներ վերջինս, երբ ասում էր, թե որոշ գործընկերների խոսքից «ալիևյան նավթադոլարների հոտ է առել»:

«Կա’մ պիտի պարզվեն նավթադոլարներից ֆինանսավորվողները, կա’մ էլ պիտի արձանագրենք, որ ոմանք հայտնվում են այն կարգավիճակում, որի մասին դեռևս տասնութերորդ դարում խոսել է ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Բենջամեն Ֆրանկլինը: Նա ասել է, մեջբերում եմ` հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է», - հայտարարեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց Հայկ Բաբուխանյանը (ՀՀԿ). - «Այստեղ բերված խոսքերը ոչ թե Ֆրանկլինն է ասել, այլ Ջոնսոնն է ասել: Իսկապես շատ կարևոր է ուսումնասիրել այն գումարների օգտագործումը, որոնք գալիս են արտասահմանյան այս կամ այն աղբյուրներից, և գտնել` արդյո՞ք դրանք կապ ունեն այդ պատգամավորների արտահայտած այն մտքերի հետ, որոնք շատ հաճախ, ցավոք սրտի, համընկնում են հարևան թշնամական պետության ցանկությունների և երազանքների հետ»:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները, և ստեղծել նոր` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե ԱԻՆ-ը և Տարածքային կառավարման նախարարությունը կմիավորվեն Ներքին գործերի նախարարության կազմում, այս պահին չիրագործվեց: Արդարադատության նախարարն ասաց, թե վարչապետն ապագայի մասին է խոսել:

Միավորված նախարարությունները, ըստ իշխանական ՀՀԿ-ի, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ նորաստեղծը` վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը: Վերջինս «առանց պորտֆելի» նախարար կլինի` իր փոքրիկ աշխատակազմով:

«Բացի ԵՏՄ-ի ուղղությունից, ես ասեմ, որ այս կառույցը ունենալու է այլ գործառույթներ: Նույն Եվրամիության ինտեգրացիոն գործընթացների տեսակետից, ես կարծում եմ, նախարարությունը նաև զբաղվելու է նոր ֆորմատների, նոր ձևաչափերի որոշակիացման, հստակեցման խնդիրներով», - նշեց Հովհաննես Մանուկյանը` հավելելով. - «Այս երկու փոփոխություններով բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում»:

Որոշ պատգամավորներ, այդուհանդերձ, կառավարության նոր նախաձեռնությունը «շռայլություն» որակեցին:

«Էկոնոմիկայի նախարարության ծանրաբեռնվածությունը այնքան չէ, որ մենք տարանջատենք, և մեր փոքր տնտեսություն ունեցող երկիրը իրեն այնպիսի շռայլություն թույլ տա, որ միջազգային կառույցների համար որ մենք կոչվենք, որ մենք բարեփոխումներ ենք անում, անպայման այդպիսի նախարարություն ունենանք: Հետո` մի քիչ ուշ անպայման վերադառնալու ենք այսօրվա վիճակին», - հայտարարեց Միքայել Մելքումյանը (ԲՀԿ):

Դիմելով հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանին (ՀՀԿ)` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ասաց. - «Սա պարտադրա՞նք է: Եվրասիական տնտեսական միության միանալու համար մեզ պարտադրո՞ւմ են ունենալ առանձին նախարարություն, ո՞վ է դա պարտադրում և ինչո՞ւ մենք պետք է այդ պարտադրանքին ժողովրդի ասած` կուլ գնանք»:

«Որևէ պարտադրանք, ճնշում… ես այդպիսի որևէ տեղեկատվության, առաջին հերթին, չեմ տիրապետում, երկրորդ հերթին` նման տպավորություն չեմ ստացել: Եվ երրորդ հերթին ես կարող եմ ասել, որ այստեղ պարզապես խոսքը գնում է քաղաքական անհրաժեշտության մասին. առաջին հերթին` համարժեք քաղաքական պատասխան տալու, և, երկրորդ հերթին, պարզապես ես կարծում եմ, որ սա հսկայածավալ աշխատանք է, հսկայական պայմանագրերի քանակ, դրանց համապատասխանեցում»:

«Այնքան էլ համոզիչ չէր», - արձագանքեց Արզումանյանը: - «Այդ տրամաբանությամբ կարելի էր Էս-ԷՆ-Գե-յի նախարարություն բացել, որովհետև հազարավոր փաստաթղթեր են, ՀԱՊԿ-ի նախարարություն… Ընդամենը ուզում եմ իմ կարեկցանքը հայտնել մեծամասնությանը, որ սեպտեմբերի 3-ից 2013 թվականի ստիպված ենք ասել, որ սևը սպիտակ է, սպիտակը` սև: Ցավալի է նաև, որ ասում եք`տեղեկատվություն չունեք. ցավալի է, որ միայն իշխող մեծամասնությունը չունի այն տեղեկատվությունը, որին տիրապետում է ողջ աշխարհը»:

XS
SM
MD
LG