Մատչելիության հղումներ

ՍԴ-ն կուտակայինի մասին նոր օրենքը կքննի հաջորդ տարի


Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրենքը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանը կքննի 2015 թվականի մարտի 31-ին:

Քննությունը նշանակվել է գրավոր ընթացակարգով, թեև պատգամավորները միջնորդել էին դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնել՝ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը:

«Դեմ եմ» շարժման անդամներից Մանե Թանդիլյանը բարձր դատարանի այս որոշման մեջ միտում է տեսնում. - «Ես կարծում եմ, որ այսքան հետաձգել այդ հարցի լուծումը հետապնդում է մեկ նպատակ, որ ավելի հանդարտվեն կրքերը և հարցը դուրս գա արդիական լինելուց, բայց մենք հարցը պահելու ենք ուշադրության կենտրոնում։ Ես էստեղ անհանգստություն ունեմ, որ բանավոր ընթացակարգով չի լինելու։ Այն ժամանակ, երբ բանավոր էր անցնում, հանրության ճնշման ներքո էր, որովհետև հարցը շատ հանրայնացվել էր և նրանք այլընտրանք չունեին, քան փորձել թափանցիկ դատավարություն անցկացնել։ Անհանգստություն ունեմ, որ այդ արդյունքը կարող է այս անգամ չունենանք»։

Սահմանադրական դատարանում բողոքը ներկայացնող Արծվիկ Մինասյանը, սակայն, քննությունը մյուս տարվան թողնելը նորմալ աշխատանքային գործընթաց է համարում, նորմալ է համարում նաև քննության գրավոր ընթացակարգ ընտրելը այս փուլում:

Մինասյանի խոսքով՝ ներկայացված նյութը ծավալուն է՝ ավելի քան 500 էջ, բացի այդ, Սահմանադրական դատարանը դատաքննության յուրաքանչյուր փուլում կարող է փոխել ընթացակարգը և հարցը քննել բանավոր: Անկախ նրանից, բանավոր, թե գրավոր կքննվի հարցը, Արծվիկ Մինասյանը վստահ է՝ իրենց ներկայացրած փաստարկները հիմնավոր են։

«Ես հավատացած եմ, որ մեր փաստարկներն այնքան ուժեղ են, որ անկախ նրանից գրավոր, թե բանավոր, միևնույն է մենք ունենալու ենք շատ լուրջ հաջողություն», - ասաց Մինասյանը։

Մինչև քննությունը գործում է հունիսի 21-ին ընդունված օրենքը՝ սոցիալական վճարները պարտադիր են պետական հատվածի աշխատողների և աշխատաշուկա հուլիսի 1-ից հետո մուտք գործած քաղաքացիների համար։ Պատգամավորների միջնորդությանը՝ կասեցնել վիճահարույց օրենքի այն կետերի կիրառությունը, որոնք պարտադրում են սոցիալական վճարները, Բարձր դատարանը, ըստ էության, չի անդրադարձել:

«Ես կարծում եմ, որ սրանից մեծ կորուստ մենք չենք ունենալու, որովհետև իրավունքի վերականգնման առումով որևէ խնդիր չենք ունենա, եթե բավարարվի մեր երկրորդ դիմումը, և ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր, պարզապես կսահմանվի որոշակի ժամանակամիջոց, որպեսզի իրավունքի վերականգնման ընթացակարգն իրականացվի», - ասաց պատգամավորը։

Ըստ Արծվիկ Մինասյանի, այդ վճարներից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ աշխատողը դատական կարգով պետք է պահանջի գործատուից իրենից պահումներ չկատարել: Սա, սակայն, ըստ Արծվիկ Մինասյանի, նշանակում է աշխատողներին հանել գործատուների դեմ, ինչը ցանկալի լուծում չէ՝ «լուծումը կոնֆլիկտածին է»։

Պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի վերախմբագրված տարբերակը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, խախտում է Սահմանադրության մոտ երկու տասնյակ հոդվածներ։

«Սահմանվում է երկրում օրենքի մակարդակով խաղի կանոներ՝ անտեսելով այն անձանց տեսակետները, որոնց վրա պետք է տարածվի օրենքը, այլ կերպ ասած, բարեփոխման փաթեթն իր մեջ պարունակում է հենց վիճակը վատացնող բազմաթիվ դրույթներ, որոնք առանց շահառուների հետ քննարկման, առանց նրանց տեսակետները լիարժեք հաշվի առնելու առնվազն հակաօրինական է իր արդեն իսկ ընդունման ընթացակարգով», - ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ թեև Սահմանադրական դատարանը նշել էր, որ կենսաթոշակային համակարգը պետք է կայանա երեք կառույցների մասնակցությամբ՝ պետություն, գործատու և աշխատող, սակայն այժմ գործող օրենքը մի կողմից անտեսել է գործատուին, մյուս կողմից Կառավարության պատասխանատվությունը չի ֆիքսել, չնայած Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պարտադիր վճարները պետք է պետական բյուջեի մաս կազմեն, բայց 2015 թվականի նախագծում այդ գումարները արտացոլված չեն:

«Այլ կերպ ասած մի կողմից Կառավարությունը ձեռքերը լվացել է՝ ասելով, որ դրանք ֆոնդի միջոցներն են թող գնան, մյուս կողմից խորհրդարանին զրկել է անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու լիազորությունից, որը նույնպես Սահմանադրական դատարանի որոշման պահանջ էր», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց մտավախությունները, թե նոր օրենքը կավելացնի ստվերը աշխատաշուկայում արդեն իրականություն են դառնում:

«Թե՛ եկամտահարկի մակարդակն է իջել, և թե՛ նաև իրական աշխատավարձերի մակարդակն է նվազել։ Սա նշանակում է, որ, այո՛, օրենսդրական այս պահանջները, որ փորձ արվեցին հուլիսի 6-ից ներդնել մեր երկրում, սրանք բերելու են ստվերի մեծացմանը», - ասաց Արծվիկ Մինասյանը։

XS
SM
MD
LG