Մատչելիության հղումներ

Հանրապետականը «ընդդիմության մեջ ականներ չի տեղադրում»


Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կապ չունի ԲՀԿ-ի կողմից հանրահավաքային պայքարը դադարեցնելու որոշման հետ, ասում է Էդուարդ Շարմազանովը։

Հանրապետականը երբեք գործարքների չի գնում և ականներ էլ ընդդիմության մեջ չի տեղադրում, այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Բարգավաճ Հայաստանի» կողմից հանրահավաքային պայքարի դադարեցման վրա իր ազդեցությունն է թողել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջերս տեղի ունեցած հանդիպումը, ինչի մասին մամուլը բազմիցս է գրել։

«Ես բազմիցս նշել եմ, որ Հանրապետականը երբեք գործարքների չգնում և ականներ էլ ընդդիմության մեջ չի տեղադրում։ Եթե իրենք ունեն խնդիր, ապա խնդիրը պետք է փնտրեն իրենց մեջ։ Այնպես չէ, որ եռյակը փլուզվի, մենք ուրախանում ենք, կամ եթե եռյակը չի փլուզվում, մենք տագնապում ենք։ Չէ՛»,- ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, ապա Հանրապետականի խոսնակն ասաց, թե Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և նա, ինչպես նաև խորհրդի մյուս անդամները կարող են հանդիպել երկրի ղեկավարի հետ։ Բայց ամեն դեպքում, եղել է նման հանդիպում, թե ոչ, Շարմազանովն ասում է, թե տեղյակ չէ։

«Ձեր նշած պերսոնան Անվտանգության խորհրդի անդամ է, երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, և եթե նույնիսկ լինեն հանդիպումներ, դրանից չպետք է զարմանալ։ Սա բնական պրոցես է, իսկ այն, որ դա դրա հետևանքն է, չեմ կարծում։ Դա իրենց խնդիրն է, իրենք պետք է քննարկեն իրենց օրակարգը։ Հանրապետականը երբեք չի խառնվել այլ քաղաքական ուժերի օրակարգերին, մանավանդ որ որոշ դեպքերում այդ օրակարգը եղել է ոչ միասնական և շինծու»,- ասաց իշխող կուսակցության խոսնակը։

XS
SM
MD
LG