Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. ՀՅԴ-ն շարունակում է հանդես գալ ընդդիմության դիրքերից


ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը Կիրակնօրյա վերլուծականի տաղավարում, 9-ը նոյեմբերի, 2014թ.

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը Կիրակնօրյա վերլուծականի տաղավարում, 9-ը նոյեմբերի, 2014թ.

Ըստ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի, Դաշնակցության՝ եռյակին չմիանալը թուլացնում է շարժումը։

Դաշնակցությունը ընդդիմադիր կուսակցություն է և շարունակում է հանդես գալ ընդդիմության դիրքերից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախատեսված էր, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Ազատության հրապարակում պետք է լինեին նաև Դաշնակցության ներկայացուցիչները, սակայն նախապատրաստական շրջանում «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի գործընկերները պնդել են, որ հանրահավաքի ընթացքում պետք է խոսել նաև իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ։ Դաշնակցությունը մինչդեռ կողմ է սահմանադրական բարեփոխումներին։

«Այստեղ է խնդիրը. մենք մեր գործընկերներին բացատրում էինք, որ հնարավոր չէ չորս ուժերով անել հանրահավաք, և այնտեղ երեքը խոսեն մեկի դեմ, կամ մեկը խոսի երեքի դեմ», - ասաց Վարդանյանը։

Դաշնակցությունում համոզված են, որ սահմանադրական փոփոխությունները և քառյակի 12 կետանոց պահանջների կատարումը իրարից տարբեր գործընթացներ են։ Աղվան Վարդանյանի խոսքով՝ դա կարելի էր պարզապես չխառնել հանրահավաքի օրակարգին։

Պատգամավորը նշեց, որ սկզբունքորեն իրենք կիսում են հանրահավաքների ժամանակ հնչեցված տեսակետները, սակայն սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գալը խանգարում է, որ ԲՀԿ-ին, «Ժառանգության»-ը և ՀԱԿ-ին միանա նաև Դաշնակցությունը, ինչը, ըստ Աղվան Վարդանյանի, թուլացնում է շարժումը։

«Այն ուժերը, ովքեր սկզբունքորեն կողմ են եղել մշտապես խորհրդարանական համակարգին շատ հանգիստ կարող են առանձին այս հարցով զբաղվել՝ չխոչընդոտելով, չխանգարելով մյուս բոլոր պրոցեսները և իրենց տեսակետները հայտնել։ Մեր առաջարկն ի՞նչն էր քառյակի մեր գործընկերներին. ասում էինք եկեք միասին մշակենք Սահմանադրության տեքստին ներկայացվելիք փոփոխությունները, պահանջները, որը եթե մենք միասին անեինք, շատ ավելի հնարավոր կլիներ պարտադրել իշխանություններին էդ ուղղությամբ գնալու», - ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից հաճախ հնչեցվող այն մտահոգությանը, թե սահամանդրական փոփոխությունների միջոցով իշխանությունը, պարզապես, ցանկանում է «վերարտադրվել», Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել փոփոխությունների հայեցակարգը։ Նրա խոսքով, որքան էլ իրենց համար տարօրինակ է, բայց առավելապես իշխանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը առաջարկվող բարեփոխումների նախագծում անդրադարձել է Հայաստանի բոլոր հիմնավոր արատներին։

Ըստ Վարդանյանի, եթե այդ բարեփոխումները կյանքի կոչվեն, ապա «նոր որակի իշխանություն» ձևավորելու հնարավորություն կստեղծվի։

«Համապարփակ ախտաճանաչում է կատարված՝ և՛ ստվերային քաղաքական որոշումներ կայացնելու վերաբերյալ, և՛ իշխանությունների՝ փաստորեն, ընտրություններով հնարավոր չլինելու փոփոխությունների, հասարակության կողմից հաշտվողականության, և նախագահի միանձնյա ղեկավարման ցանկացած խնդիր», - ասաց Վարդանյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ ՀՅԴ-ն մի քանի անգամ մասնակցել է հանձնաժողովի հետ քննարկումների և ներկայացրել յոթ կետանոց առաջարկություններ, ակնկալում են, որ սահմանադրության վերջնական տեքստը գրելուց դրանք հաշվի կառնվեն։ Որոշ փոփոխություններ, նրա խոսքով, արդեն կատարվել են։

«Մինչև այսօր էլ մենք հարյուր տոկոսով համոզված չենք, որ մեր առաջարկությունները ամբողջովին կընդունվեն՝ մեկ, և դարձյալ հարյուր տոկոսով համոզված չենք, որ իշխանությունները, նամանավանդ այս պայմաններում, կգնան մինչև վերջ սահմանադրական փոփոխությունների, որովհետև այկնհայտ է՝ այս կարգի փոփոխությունները ենթադրում են ավելի լայն կոնսոլիդացիա հասարակության, քաղաքական ուժերի, ինչը մենք այսօր, ցավոք, չունենք», - ասաց Վարդանյանը։

Պատգամավորի ձևակերպմամբ՝ այժմ Հայաստանը «սուպեր նախագահական» երկիր է, իսկ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կտան փոխել իրավիճակը։

Ինչ վերաբերում է բարեփոխումների դեմ պայքարող ոչ իշխանական ուժերի կողմից պայքարը շարունակելու համար ստեղծվելիք տարածքային շտաբերին, Վարդանյանը ասաց, որ դա գրագետ քայլ է, և իրենք պայքարի այդ ձևն արդյունավետ են համարում։

«Ենթադրում եմ, որ սա, ի վերջո, այս շտաբները, այս կառույցները, այս մարդկանց համախմբումը կծառայեցվի հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական, այսպես ասաց, շտաբներ իբրև, և ակնհայտ է, գոնե ինձ համար, որ այստեղ հիմնական դերակատարը լինելու է ԲՀԿ-ն, ի՞նչ կանեն մյուս երկու ուժերը՝ «Ժառանգություն»ն ու ՀԱԿ-ը ժամանակը ցույց կտա», - ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։

XS
SM
MD
LG