Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ Դաշնակցային հարաբերություններում մոտեցումների տարբերությունները նորմալ են


Զուրաբյան․ Դաշնակցային հարաբերություններում մոտեցումների տարբերությունները նորմալ են
please wait

No media source currently available

0:00 0:06:19 0:00

Ե՛վ Հայ ազգային կոնգրեսը, և՛ «Բարգավաճ Հայաստանը» պնդում են, թե որևէ հակասություն երկու քաղաքական ուժերի միջև գոյություն չունի:

Հիշեցնենք՝ կիրակի օրը տարածած հայտարարությամբ ՀԱԿ-ը զգուշացրել էր, թե զբաղվելով շտաբերի ձևավորմամբ և անորոշ ժամկետով հետաձգելով ակտիվ քաղաքական գործողությունները` «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է ճակատագրական սխալ թույլ տալ, քանի որ իշխող վարչախումբը այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ուժերը առավելագույնս մոբիլիզացնելու և շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար:

ԲՀԿ-ի արձագանքը չուշացավ. կուսակցության խոսնակն այսօր հայտարարեց, որ ՀԱԿ-ն իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում և ցանկացած պահի:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԲՀԿ-ի արձագանքը նորմալ է համարում` ընդգծելով, թե դաշնակցային հարաբերություններում մոտեցումների տարբերությունը բնական է:

«Որևէ հակասություն գոյություն չունի: Իսկ որ տարբերություններ կարող են լինել պայքարի ձևերի վերաբերյալ, կարծում եմ, դուք դա բնական եք համարում», - ասաց Զուրաբյանը և շարունակեց. - «Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ գործ ենք հաջողել, ինչ մեծ հույս ենք արթնացրել, և բնական է, որ ոչ ոք չի ցանկանում, որ հանկարծակի ինչ-որ սխալ որոշումների պատճառով այդ ամբողջ շարժումը ձախողի կամ տապալի: Մենք ուրիշ բան չենք անում, ոչ մեկին ո’չ մեղադրում ենք, ո’չ մուննաթ ենք գալիս: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետները և մենք համոզված ենք մեր տեսակետի մեջ և ցանկանում ենք, որ մեր տեսակետը հաղթի»:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի արձագանքը ադեկվատ էր իրենց մտահոգությանը, Զուրաբյանը պատասխանեց. - «Դաշնակիցների հարաբերություններում սովորական բան է սա: Ասենք, Ստալինն ու Չերչիլը միշտ էլ բանավիճել են, թե երբ, ով, ինչ անի. մեկը ասում էր, որ պետք է Բալկաններից մտնել, մյուսը ասում էր` չէ, դա կխանգարի պատերազմի արդյունավետ ընթացքին»:

Իսկ հարցին, թե արդյոք եռյակին կհաջողվի մինչև տարեվերջ հանրահավաք կազմակերպել, ՀԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց, թե իրենք պնդելու են, որ լինի: Նա հավելեց, թե մտահոգվելու առիթ չկա, բոլոր տարաձայնությունները կհաղթահարվեն:

«Հնարավոր համարո՞ւմ եք, որ անորոշ ժամկետով հանրահավաքների հետաձգումը պայմանավորված է Գագիկ Ծառուկյան – Սերժ Սարգսյան հանդիպումով». այս հարցին Զուրաբյանը պատասխանեց հարցով. - «Բայց նման հանդիպում եղե՞լ է: Ես ոչ մի հաստատում ոչ մեկի կողմից չունեմ և ընդհանրապես չեմ ցանկանում զբաղվել մամուլի չհիմնավորված սպեկուլյացիաներով»:

«Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես վստահեցնում է, թե հակասություններ ՀԱԿ-ի հետ չունեն: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, այդուհանդերձ, ընդգծում է. - «Ժողովուրդը ոչ թե հանրահավաքի է սպասում, այլ իշխանափոխության»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ընթացիկ ամսվա բոլոր ուրբաթ օրերին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումներ է ներկայացրել քաղաքապետարան:

«Ազատության» հարցին, թե արդյոք մինչև տարեվերջ հանրահավաք լինելու է, Ուրիխանյանը արձագանքեց. - «Դա հարց է, որին պիտի պատասխանեն ոչ իշխանական ուժերը` միասնաբար: Հանրահավաքները կազմակերպվում են իշխանափոխության գործընթացը իրականացնելու համար: Մարդիկ հանրահավաքին չեն սպասում, մարդիկ սպասում են իշխանափոխությանը»:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նույնպես ընդգծում է, թե հանրահավաքները ինքնանպատակ լինել չեն կարող. - «Քննարկումներ են գնում: Կորոշենք ճիշտ ժամանակը ճիշտ պահին: Մենք չենք ուզում հանրահավաքը դառնա ինքնանպատակ: Մեզ համար հանրահավաքը միջոց է: Մենք շատ հստակ ճանապարհով գնում ենք, որտեղ պարտության որևէ հնարավորություն մենք մեզ համար չենք թողնելու»:

Տարաձայնությունների պատճառ դարձած հարցերը այսօր քննարկվել են եռյակի նիստում: Նիստից հետո ԲՀԿ-ի ղեկավար անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարեց, թե «ի հեճուկս շատերի», եռյակը չի պառակտվի. - «Վաղը չէ մյուս օրը կհայտարարենք ինչպիսին ենք պատկերացնում գործունեությունը: Որևէ մեկը չի հայտարարի` հանրահավաք լինելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև հանրահավաք, բնականաբար, լինելու է: Մենք որոշում կկայացնենք, թե ինչպիսին պիտի լինեն միջոցառումները և երբ է լինելու բոլոր միջոցառումների ամփոփիչ ինչ-որ բան կամ կուլմինացիան: Մենք գնում ենք առաջ, մենք գնում ենք արտահերթ ընտրություններ պահանջելուն, արտահերթ բոլոր ընտրություններ: Ես չգիտեմ` որ պահին ինչ մենք կանենք: Դա արդեն կախված է պահից, ժողովրդի վերաբերմունքից և իշխանությունների պահվածքից»:

«Մենք մեծացնում ենք շարժման մասշտաբները, մեծացնում ենք ճնշումները, մեծացնում ենք փողոցային ակցիաները, որոնք իրենց մեջ ներառում են հանրահավաքներ, նստացույցեր», - հավելեց նա:

Արձագանքելով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյան - Սերժ Սարգսյան հանդիպման արդյունքում է ԲՀԿ որոշել դադարեցնել հանրահավաքային պայքարը, Ստեփան Մարգարյանն ասաց, թե չի կարող ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել այդ հանդիպման մասին տեղեկատվությունը:

XS
SM
MD
LG