Մատչելիության հղումներ

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը գրանցեց հինգերորդ անընդմեջ ոչ-ոքին:

Մոսկվայում ընթացող միջազգային ստուգատեսում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ստիպված եղավ կիսել միավորը ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ, ով մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 3 միավորով: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում:

Տուրի մյուս հանդիպումներում հետևյալ արդյունքները գրանցվեցին․ մրցաշարային աղյուսակի առաջատար ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Լեկոյի նկատմամբ և այժմ իր ակտիվում ունի 4.5 միավոր, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը հաղթանակ տոնեց ռուս Ալեքսանդր Մորոզևիչի նկատմամբ, իսկ Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) - Դին Լիժեն (Չինաստան) զույգը հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:

Հինգերորդ տուրից հետո հայ գրոսմայստերը 2.5 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում: Վաղն Արոնյանը կանցկացնի այս մրցաշարի ամենակարևոր հանդիպումն աղյուսակի առաջատար Գրիշչուկի հետ, ով իր հաշվին մինչ այժմ գրանցել է մեկ ոչ-ոքի և 4 հաղթանակ:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG