Մատչելիության հղումներ

Դալուզյանը պատրաստ է աշխարհի առաջնության մեդալ և օլիմպիական վարկանիշ նվաճել


Մելինե Դալուզյանը մրցումների ժամանակ, արխիվ

Մելինե Դալուզյանը մրցումների ժամանակ, արխիվ

Այսօր հայ ծանրորդները Ղազախստանի Ալմաթի քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնությունում դուրս կգան մրցահարթակ: Հայաստանի 14 ներկայացուցիչները կպայքարեն նաև 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար:

69 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Մելինե Դալուզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Թե ինչ կիլոգրամներ կբարձրացնեմ՝ պարզ կդառնա մրցման օրերին, հիմնականում կախված է պայքարից: Ոչ մեկին չեմ փորձում թերագնահատել, բոլորն էլ մրցակիցներ են: Առաջինը մտածելու ենք Օլիմպիական խաղերի վարկանիշների մասին, ձգտելու ենք բարձր միավորներ նվաճել»:

Նշենք, որ առաջնությունում ամենաբարձր միավորներ հավաքած 4 մարզուհիները միայն կկարողանան օլիմպիական ուղեգիր նվաճել:

Կանանց պայքարում հայ ծանրորդներից բոլորը մասնակցել են նախկինում մեծահասակների առաջնություններին, ամենափորձառուներն են, սակայն, Մելինե Դալուզյանը և 75+ կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մելինե Դալուզյանը մեծահասակների Եվրոպայի չեմպիոն է դարձել 63 կգ քաշայի կարգում 2007-ին և 2008-ին, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով է բավարարվել 69 կգ քաշային կարգում 2010-ին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 2010-ին:

Դալուզյանը 2013-ի Եվրոպայի առաջնությունից առաջ ստացել էր արմունկի և ծնկի վնասվածք: «Ճիշտ է դեռևս վերականգնվում եմ, սակայն ինձ շատ լավ եմ զգում: Կարծում եմ՝ թե՛ պոկում և թե՛ հրում վարժություններում կկարողանամ իմ ուժերի ողջ չափով ներկայանալ»:

Մելինեն իր լավագույն արդյունքը վերջին տարիներին գրանցել է 2010-ի Մինսկի Եվրոպայի առաջնությունում, որտեղ երկամարտում բարձրացրել է 260 կգ (115+145) և դարձել 69 կգ քաշային կարգի Եվրոպայի փոխչեմպիոնուհի:

Կանանց պայքարում մեդալներ կփորձեն նվաճել Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG