Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Ղարաբաղի ԱԺ խոսնակին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Նախագահը ընդգծել է, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև ու այդ առումով հատկապես ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանականների հետ նախորդ հանդիպումից հետո բավականաչափ ժամանակ է անցել, և այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ու պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են կամ կարող են հետաքրքրել Ղարաբաղի հասարակությանն ու իշխանություններին:

Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Երևանում նույն օրը սկսված միջխորհրդարանական նիստի օրակարգային հարցերը, որոնք, ըստ նրա, ընդգրկում են անցած նիստին հաջորդած ժամանակահատվածի հրատապ բոլոր թեմաները: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը և պատգամավորները նիստի շրջանակներում քննարկումներն ու տեղեկատվության փոխանակումը համարել են երկուստեք օգտակար՝ նշելով, որ երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների միջև գործակցությանը նոր և արդյունավետ ձևաչափեր են ավելանում::

Սերժ Սարգսյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և մի շարք այլ թեմաների:

Հանդիպման ավարտին զրուցակիցները ընդգծել են, որ կայուն և ուժեղ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխավորն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG