Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ԵՏՄ-ին միանալու՝ Հայաստանի որոշումը «ընդունվեց հարգանքով»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ «Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման»։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը Ղարաբաղում «ընդունվեց հարգանքով»։

«Ղարաբաղում հարգանքով են վերաբերվում, ես այսպես կձևակերպեի, ինչ մնում է ապագային, ապա կարծում եմ զարգացումները ցույց կտան և ես այս պահին էլ համոզված եմ, որ մենք չենք սխալվել», - Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության սահմաններով մտահոգ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շեշտադրած «փոխհամաձայնությունը» Ստեփանակերտում այսպես են հասկացել․- «Համաձայնություն գտնելը, կամ փոխհամաձայնություն գտնելը դա պետք է հասկանալ այնպես, որ ամեն ինչ մնալու է այն նույն ձևով, ինչ եղել է՝ առանձնահատուկ իրավիճակներ, նոր իրավիճակներ չեն ստեղծելու, և մենք շարունակելու ենք նույն հարաբերությունները ունենալ Հայաստանի Հանրապետության հետ», - հայտարարեց Աշոտ Ղուլյանը։

Ղարաբաղում ԵՏՄ-ից ակնկալվող տնտեսական շահը, Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահի խոսքով, չեն շտապում հաշվարկել. - «Ղարաբաղում սովոր են հաշվել, երբ որ կոնկրետ իրավիճակներ կան, այդպես վերացական հաշիվների մեջ մենք շատ թույլ ենք»։

«Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման»

«Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման», - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Աշոտ Ղուլյանը։

Հայաստանի խորհրդարանն, այնուամենայնիվ, պարբերաբար մերժում է քննարկել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հեղինակած Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծերը։

«Մեզ համար անընդունելի է այն տարբերակը, որով հիմա Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը փորձ է արվում մտցնել Հայաստանի Ազգային ժողովի օրակարգ։ Մեզ համար ընդունելի է միայն մի տարբերակ՝ երբ, որ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը կոնսենսուսով համաձայն կլինեին այդ հարցը օրակարգ բերելուն, և Ազգային ժողովը այդ հարցը կքննարկի 131 կող ձայն ունենալով», - ասաց Ղուլյանը։

Գալուստ Սահակյանը նույն՝ ճանաչման հարցին անդրադառնալով նկատեց՝ Հայաստանն ընտրել է Ղարաբաղյան հարցի լուծման խաղաղ ճանապարհը.- «Հայաստանը ընդունի Ղարաբաղի անկախությունը. դա այս պահի համար պրովոկացիայի, քաղաքական կապրիզի հետևանք է»։

Ադրբեջանը գերակտիվ է վերջին շրջանում, միջազգային տարբեր կառույցներում ընդունվող բանաձևերում «օկուպացված տարածքներ» բառակապակցության օգտագործումը Ղուլյանը դրանով պայմանավորեց։ Սակայն, ըստ Ղուլյանի, իրավիճակը շտկելի է՝ խավիարային դիվանագիտությանը կհակադրեն պատմական ու իրավական փաստարկները։

Ղարաբաղցի պաշտոնյան նկատեց, որ բանակցային սեղան վերադառնալու հարցում Հայաստանի հետ հակասություններ չունեն, խոչընդոտներ ստեղծողն Ադրբեջանն է։

«Թե Հայաստանի Հանրապետության, որ պարբերաբար հնչում են պաշտոնական տեսակետերում և նույնիսկ ոչ պաշտոնական, Ղարաբաղի մասնակցության մասին և Ղարաբաղից հնչող տեսակետները, գուցե դա մի քիչ այլ ձևով պետք է արվի, ավելի կոշտ պետք է արվի, բայց այն, ինչ որ պետք է արվի, արվում է այս պահին, և կարծում եմ, որ պետք է պարզապես իմանալ, թե խոչընդոտներն ում կողմից են ստեղծվում», - ասաց պաշտոնյան։

Ղուլյանի խոսքով՝ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման փոխզիջումը՝ բանակցություններով պետք է որոշվի, բայց թե Հայաստանի, թե Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարների համար հստակ է՝ ոչ ինքնորոշման իրավունքի հաշվին։

«Նախ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հաստատում, նոր՝ այդ ընդունելի բանակցային պրոցես», - ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Գալուստ Սահակյանն այսօր նաև հայտարարեց. - «Խաղարար ուժերի պահանջ մենք չունենք, և դա ընդամենը խոսակցություններ են՝ մարդիկ իրենց տեսակետն են հայտնում։ Հայաստանի բանակն ինքը պատրաստ է խաղաղությունը պահպանել, ինչպես արդեն ամռանը՝ օգոստոս ամսին, ցույց տվեց մեր զինուժը»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG