Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը չի բացառում, որ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կստորագրի»


Տրայան Հրիսթեայի խոսքով՝ պետք է հասականան՝ որոնք են այն ոլորտները, որոնց շուրջ հնարավոր կլինի երկկողմանի համագործակցություն ծավալել Հայաստանի հետ։

«Եվրամիությունը չի բացառում, որ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կստորագրի մոտ ապագայում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության առջև Երևանի ստանձնած պարտավորությունները», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ այդ հարցի շուրջ այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կողմերը առաջին անգամ նստել են կլոր սեղանի շուրջ և բանակցել համագործակցության հեռանկարները:

«Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունները՝ պետք է հասականանք՝ որոնք են այն ոլորտները, որոնց շուրջ հնարավոր կլինի երկկողմանի համագործակցություն ծավալել Հայաստանի հետ, և ներառել դրանք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում ակնկալվող համաձայնագրում», - ասաց Տրայան Հրիսթեան։

Այս շաբաթ Եվրամիությունը նաև հայտարարեց, որ Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար:

Այս մասին փաստաթուղթը ստորագրելիս Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն էլ ընդգծել էր, որ Բրյուսելը հաստատակամ է՝ այդ հարցում աջակցելու Հայաստանին։

Տրայան Հիստերիայի խոսքով՝ սա թիրախային մոտեցում է և այս դեպքում համագործակցությունը շատ ստույգ է՝ ի շահ Հայաստանում ավելի լավ բիզնես միջավայրի ձևավորմանը։

«Հիմա մենք փորձում ենք կենտրոնանալ երեք հիմնական ոլորտների` արդարադատության համակարգի, մասնավոր հատվածի ու հանրային կառավարման վրա, և Հայաստանին 140-170 միլիոն եվրո տրամադրելով՝ մտադիր ենք շարունակել բարեփոխումներն այս ուղղություններով», - հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը։

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ առաջիկայում Եվրամիությունը Հայաստանին ներկայացնի մի համաձայանգիր, որը հնավորություն կտա Հայաստանին Եվրամիության ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը ստորագրել՝ առանց ազատ առևտրի գոտու մասին դրույթների, Տրայան Հրիսթեան ասաց, որ սկսվում է համագործացության նոր փուլ՝ նախորդ բանակցությունների հիման վրա:

«Մեկ տարի առաջ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵՄ-ն չէր դադարեցնում իր աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին: Օգտագործել ներկայիս բանակցային գործընթացը և ապագայի համար ստեղծել նաև գործողությունների ծրագիր: Սկսվում է համագործակցության նոր փուլ և դրա ավարտին մենք կտեսնենք, թե ինչ համաձայնագիր կունենաք Հայաստանի հետ», - ասաց Հրիսթեան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG