Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական ռուբլու փոխարժեքը երեկվանից կտրուկ նվազել է


Երևանյան փոխանակման կետերում աշխատողները ռուբլու արժեզրկումը պայմանավորում են ռուս - ուկրաինական ճգնաժամով։

Մեկ ռուսական ռուբլու փոխարժեքը երևանյան արտարժույթի փոխանակման կետերում երեկվանից կտրուկ նվազել է՝ հասնելով 8.2 դրամի. ռուսական ռուբլու առքի գինը հասնում է առավելագույնը 8.52 դրամի, վաճառքինը՝ առավելագույնը 9.1 դրամի։

«Երեկվա հետ համեմատ մոտավորապես հինգ ռուբլու տարբերություն է՝ 43.50 էր, այսօր դարձել է 48 ռուբլի։ Միանգամից, կտրուկ, մի օրվա մեջ անկում ապրեց, բայց հույսով ենք, որ նորից կգա իր նախկին կուրսին», - «Ազատության» հետ զրույցում ասաց արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատողը։

Տարադրամի փոխանակման կետերից մեկում ռուսական ռուբլու առքի համար սահմանված նվազագույն 8.2 դրամ փոխարժեքը կետի աշխատակիցը ռիսկերից խուսափելով էր պայմանավորում. - «Ապահովության համար նենց եմ դրել, որ չառնեն, էլի»։

Ռուսական ռուբլու այս վայրիվերումները մեծապես ազդել են այն ընտանիքների վրա, որոնց ապրուստի միջոցը հիմնականում Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումներն են։

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի կանխատեսմամբ, սա դեռ վերջը չէ, և ռուբլու այս շարունակական անկումը ուղղակի և անուղղակի ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա։

«Խոսքը, եթե ներդրումների ծավալի մասին է, որը տարիներ շարունակ նվազում էր, արդեն զրոյական թվերի էր հասել, և, շատ կարևոր մի հանգամանք՝ մասնավոր տրանսֆերտների մասին, որոնք այս տարվա ընթացքում, այո՛, նվազման միտում ունեին։ Բայց հայտնի է, որ առաջիկայում նվազման միտումներն ավելի խորն են լինելու, իսկ տրանսֆերտները, ընդհանրապես Ռուսաստանից ֆինանսական հոսքը և մասնավորապես՝ մասնավոր տրանսֆերտները մեր տնտեսության կարևորագույն բաղադրիչներից էին։ Այս գործոններն արդեն իրենց կնիքները կթողնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասատրյանը։

Տնտեսագետն ընդգծում է, որ այսօր Հայաստանը գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, որի հիմնական դերակատարներից մեկի՝ Ռուսաստանի տնտեսությունը նահանջ է ապրում։

«Եվ մենք, ի հարկե, բնականաբար պետք է կրենք էական բացասական միտումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Դրսևորումները, թե ինչպիսի՞ն են լինելու՝ ուղղակի, թե՞՝ չէ, սրա մասին առանձին կարելի է խոսել», - ասաց Աստրյանը։

Տնտեսագետը թվարկում է այն քայլերը, որոնք պետք է իրականացնեն Հայաստանի իշխանությունները՝ դիմագրավելու համար այն խնդիրներին, որոնք անխուսափելիորեն առաջ են գալու ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով։

«Վարչարարության ավելացում, ազատական սկզբունքերից որոշակի նահանջ, կրկին ես չէ, որ մտածում եմ, որ դա լավագույնն է, բայց ես համոզված եմ սա ասում, որ այս քայլերը պետք է լինեն», - ասաց տնտեսագետը։

Թեև Ռուսաստանում սկսված տնտեսական լճացման ու հնարավոր ճգնաժամի մասին այսօր բոլորն են խոսում, այդուամենայնիվ, Հայաստանում իշխանությունը, ըստ Ասատրյանի, դեռևս որևէ հստակ քայլ չի ձեռնարկում. - «Նախ մոտեցումները, որ պետք է փոխվեն մենք հասկացանք, բայց արի ու տես՝ մենք չունենք այդ հնարավորությունները»։

Ո«՛չ կառավարությունը, և ո՛չ էլ Կենտրոնական բանկը այսօր չունեն անհրաժեշտ գործիքներ»,- պնդում է Բարգատ Ասատրյանը. - «էս տարի ընդունված արդեն նոր ձևավորված Կառավարության կողմից ընդունված «Միջին ժամկետ ծախսային ծորագիր»ը՝ դա զարգացման ծրագիր է։ Համեմատում եմ նախորդ տարվա 2014 - 2016 թվականների ծրագրերի հետ 2015-2017 թվականներով եմ համեմատում, որևէ տեղաշարժ չկա, որևէ ռիսկ, գնահատական հնարավոր ռիսկերի մասին ես չեմ տեսնում»։

XS
SM
MD
LG