Մատչելիության հղումներ

«Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով, բացի ԱԻՆ-ից, մյուս պետական կառույցների դռները փակ են հաշմանդամների համար։

27-ամյա Մարիկա Սիրադեղյանը, ով երրորդ խմբի հաշմանդամ է, տարիներ շարունակ աշխատանք է փնտրում, սակայն թե' մասնավոր ընկերություններում, թե' պետական կառույցներում նրան աշխատանքի չեն ընդունում, քանի որ աղջիկը լուրջ տեսողական խնդիրներ ունի:

Մարիկան «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ աշխատում է Կույրերի միավորման երգչախմբում, սակայն յոթ ամսից ավելի է ամսական ընդամենը տասը հազար դրամ կազմող աշխատավարձը չի ստացել, այժմ համաձայն է յուրաքանչյուր աշխատանքի, միայն թե վարձատրվի:

Մարիկան այսօր ներկա էր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, «Ունիսոն» հասարակական կազմակերպության և ԱՄՆ-ի Միջազգային զարգազման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ հաշմանդամների համար կազմակերպված աշխատանքի տոնավաճառին: Նա հույս ունի, որ գոնե այստեղ կարող է աշխատանք գտնել։

«Բավականին դժվար է՝ սեփական փորձից կարող եմ ասել։ Հաշմանդամությունն արդեն խոչընդոտ է լինում, բայց իրենք չեն արտահայտվում։ Ասում են՝ կկանչենք մենք ձեզ, կամ ուղղակի ցույց չեն տալիս, կամ փորձում են թաքցնել, բայց դու նկատում ես՝ կասկածի են առնում քո հնարավորությունները», - ասաց Մարիկան։

«Ունիսոն»-ի տնօրեն Արմեն Ալավերդյանն ասաց, որ տարիներ շարունակ նման տոնավաճառներին մասնակցող գործատուների 99 տոկոսը մասնավոր ընկերություններ են: Նա նաև հավելեց, որ բացի Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ), մյուս գրեթե բոլոր պետական կառույցների դռները փակ են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

«Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելը դա բարի գործ է, բայց բարեգործություն չէ, այլ բավականին շահավետ գործ է։ Իհարկե, ցավալի է, որ այստեղ չկան` որպես գործատուներ, նախարարություններ, և ԱԻՆ-ի դրական, փայլուն փորձն առայժմ մնում է, կարծես թե, եզակի պետական սեկտորում», - ասաց Ալավերդյանը։

Նշենք, որ եթե նախկինում պետությունը երկու տարի ժամկետով գործատուին փոխհատուցում էր հաշմանդամ աշխատողի աշխատավարձի 50 տոկոսը, ապա արդեն այս տարվանից նման փոխհատուցում տրվում է միայն վեց ամսվա համար:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս փոփոխության արդյունքում չի նվազել շահառուների թիվը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը պատասխանեց. - «Այս պահին ոչ: Անհանգստություն կա, բայց` ոչ. շարունակվում են, տեմպերի թվային փոփոխություն չկա»։

Աշխատանք փնտրող բազմաթիվ հաշմանդամներ, ովքեր այսօր ներկա էին տոնավաճառին, 50-ն անց մարդիկ էին, որոնցից մի քանիսը հենաշարժողական խնդիրների պատճառով 10-15 տարի է աշխատանք չեն կարողանում գտնել: Ոմանք էլ ասացին, որ ստիպված են բավարարվել նվազագույն աշխատավարձով:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Հայաստանում գրանցված է շուրջ 196 հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ, սակայն նրանց 92 տոկոսն աշխատանք չունի:

XS
SM
MD
LG