Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցիներին չի հաջողվել խափանել ԼՂ մասնակցությունը Լոնդոնի ցուցահանդեսին


Մեծ Բրիտանիա - Ադրբեջանցի երիտասարդները World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի տաղավարի մոտ, Լոնդոն, նոյեմբեր, 2014թ.

Մեծ Բրիտանիա - Ադրբեջանցի երիտասարդները World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի տաղավարի մոտ, Լոնդոն, նոյեմբեր, 2014թ.

Լոնդոնում երեկ ավարտվել է World Travel Market միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը:

Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ և վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել են Լեռնային Ղարաբաղի տաղավարը և փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի տաղավար:

«Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ կային նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պատվիրակությունների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել կասեցնել սադրանքը. կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին», - ասված է հաղորդագրությունում։

«Վերջին շրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանցիների նման սանձազերծ պահվածքը պայմանավորված է գլխավորապես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական բանաձևի ձախողմամբ», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ով ղեկավարում էր Ղարաբաղի պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում:

«Խոսքը վերաբերում է սույն թվականի հոկտեմբերին Սամարղանդում կայացած նշյալ կառույցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից նախաձեռնված «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին» բանաձևին: Նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկված վերոհիշյալ բանաձևը չի ընդունվել ոչ մի երկրի կողմից», - մանրամասնել է պաշտոնյան՝ ապարդյուն որակելով միջազգային խոշոր ցուցահանդեսներին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը անհնար դարձնելու նպատակով ադրբեջանական ցույցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG