Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը խոստացել է, որ Մարտի 1-ի գործը «տեղից կշարժվի»


Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպմանը մասնակցած ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ Կոստանյանը խոստացել է, թե Մարտի 1-ի գործը տեղից կշարժվի:

Ի տարբերություն նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ով այդ գործը բացահայտված էր համարել, իսկ չբացահայտված առանձին հանգամանքները պայմանավորել են տուժողների ստեղծած խոչընդոտներով, Կոստանյանն ասել է, որ քննությունն ավարտված չէ:

«Այդ առումով հուսադրող բան կար դատախազի խոսքի մեջ և խոստումներ կային», - նշեց Արամ Մանուկյանը:

Հանդիպումը նախաձեռնել են Մարտի 1-ի զոհերի հարազատները, և Կոստանյանը, Մանուկյանի փոխանցմամբ, միանգամից համաձայնել է:

Մեկուկես ժամ քննարկել են երկու հիմնական հարց` Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու զոհերի հարազատներին ֆինանսական փոխհատուցման տրամադրումը:

Զոհերից Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը փոխանցեց, որ Գլխավոր դատախազը խոստացել է առանձին հանդիպումներ ունենալ զոհվածների հարազատների հետ և ներկայացնել քրեական գործի` վերջիններիս հուզող մանրամասները. - «Առաջին հարցադրումը եղավ դա, և նա շատ սիրով մեզ պատասխանեց, որ` տեսանելի չի ձեզ համար, որ դուք տեսնեք շարժ կա թե չկա, ընկալում ենք, որ սուտը էդ կարգի չի լինի. գուցե իրո՞ք մի բան արել են, մենք տեղյակ չենք»:

Կոստանյանը խոստացել է նաև զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով: Իշխող Հանրապետականը, հիշեցնենք, դեմ է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին օրենքով փոխհատուցում տրամադրելուն` ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ:

Արամ Մանուկյանը պնդեց, որ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելը նաև միջազգային կառույցների պահանջն է: Նրա խոսքով, Կոստանյանի հետ պայմանավորվել են փաստաթղթեր փոխանակել` փոխատուցումն օրենքով ամրագրելու համար:

«Ես ներկայացրեցի դատախազին մի փաստաթուղթ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի նամակն է Շարլ Ազնավուրին, որպես մեր ներկայացուցիչ, որտեղ ամրագրվում է, որ տուժողների հետ կապված բոլոր պայմանավորվածությունները մինչև այս պահը կատարված չեն: Մասնավորապես, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման պատասխանատուների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին Հայաստանի կառավարությունը պետք է զեկուցում տար, չի տվել: Եվ մյուսը` միջոցառումներ պետք է իրականացներ Հայաստանի կառավարությունը, որոնք իրականացվել են` երաշխավորելու 2008-ի մարտի 1-ի դեպքերի զոհերին փոխհատուցման և համապատասխան օգնության ապահովման վերաբերյալ: Այս փաստաթուղթը գաղտնի է պահվել»:

«Այդ նյութականի կարիքը, որ ասեմ չի հուզում, դա էլ սուտ կլինի», - չթաքցրեց Ազատուհի Քլոյանը: - «Եկեք չմոռանանք, որ Գոռ Քլոյանը 28 տարեկան էր, նրա երեխան 40 օրական էր... Այդ 40 օրական երեխան ապրել էր ուզում... Ամուսինս 65 տարեկան մարդ, սրտի նևրոզով հիվանդ մարդ այսօր գնացել է արտագնա աշխատանքի, հաց բերի, որ այս երեխաներին պահի: Նա էլ [Կոստանյանը] մեզ բացատրեց, թե իրենք այդ հարցը առաջ են քաշել, անգամ նախագահի հետ»:

Գլխավոր դատախազի պատրաստակամությունը տիկին Ազատուհուն հույս էր ներշնչել. - «Ասեց` տղամարդկային խոստում եմ տալիս, որ սայլր տեղից կշարժվի»:

Արամ Մանուկյանին նույնպես զարմացրել է Գլխավոր դատախազի արձագանքը. - «Այս պահի համար դա դրական է: Գոհ եմ իրենից, որ այդ հանդիպումը եղավ: Չեմ հավատում, որ արդյունքներ ունենալու ենք լրիվ բացահայտման. բացառեք դա: Վերջնական բացահայտում չի լինի, քանի իշխանափոխություն չլինի: Ակնհայտ է, որ սա իշխանական գործ է, ոչ թե ինչ-որ բանդայի կամ խմբի կազմակերպած: Բայց, վերջին հաշվով, մի քանի ամիս հետո կարող ենք հանդիպել ու ասել` բա էն ի՞նչ հույս էին տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG