Մատչելիության հղումներ

Կուտակային վճարումներ կատարողները չեն տեսնում կառավարության փոխանցումները


Ուր են գնում պետական համակարգում աշխատողների փողերը
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Պետական հատվածում աշխատողներն ահազանգում են՝ Կառավարությունը իրենց հաշվեհամարներին չի փոխանցում աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր պահվող սոցիալական վճարները:

Վերջիններիս պնդմամբ՝ այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե, սակայն անհետանում են բյուջեից կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ ճանապարհին: Ո՞ւր են գնում մեր փողերը. պետական համակարգում աշխատողների համար այս հարցը մնում է բաց:

Պետական սեկտորում աշխատող հաշվապահ Շողեր Բաբայանը փորձել է սեփական հետաքննություն անցկացնել։ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից պարզել է, որ սոցիալական վճարների փոխանցման, դրանց շարժի վերաբերյալ տեղեկություն կարող է ստանալ բանկոմատից, բանկից կամ Ֆինանսների նախարարությունից: Երեկ և այսօր Բաբայանը անցել է բոլոր այս ճանապարհներով, սակայն այդպես էլ չի պարզել՝ ո՞ւր են գնացել աշխատավարձից պահված սոցիալական վճարները։

«Հուլիս ամսից էս կողմ ոչ մի ինֆորմացիա չկա»,- ասաց Բաբայանը։

Հաշվի օպերատորները, այսինքն բանկերը նույնպես ոչնչով չեն կարողացել օգտակար լինել Բաբայանին: 5-6 բանկ մտնելուց հետո, միայն ՎՏԲ-ն է ինչ-որ կցկտուր տեղեկություն տվել՝ ասելով, թե ֆինանսների նախարարությունը 6 ամիսը մեկ է թարմացնում տվյալների բազան, և թերևս դա է պատճառը, որ փոխանցումների մասին տեղեկատվություն չկա:

«Ո՞ւր են իմ սոցիալական վճարները, որտե՞ղ են այդ գումարները, որ ես փոխանցել եմ այս երեք ամիսներին և գուցե արդեն պետք է տոկոսներս էլ տեսնեի»,- հարցնում է Բաբայանը։

«Ո՞ւր են իմ փողերը՞» հարցի պատասխանը չտվեց նաև Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի թեժ գիծը: Մի քանի րոպե սպասեցնելուց հետո աշխատակիցը հորդորեց դիմում ներկայացնել Ֆինանսների նախարարություն: Այստեղից ստացած փաստաթուղթն էլ, սակայն, Բաբայանի կասկածները չի փարատել. նախարարությունից տրամադրել են միայն անձնական հաշվի քաղվածքը, որտեղ, սակայն ոչ մի բառ նշված չէ սոցիալական վճարների մասին, անգամ «սոցիալական վճար» անունով սյունակ չկա:

Նախարարության տրամադրած քաղվածքում հստակ երևում է, որ Բաբայանը հունվար- փետրվար մարտ ամիսների համար պարտադիր կուտակային վճարներ արել է, պետությունն էլ, կատարելով իր պարտավորությունը, փոխանցել է Բաբայանի հաշվին նույնքան գումար: Հուլիսից այս կողմ դատարկ սյունակներ են:

Մի խնդիր է, երբ քաղքացիները չեն տեսնում, թե որտեղ են պահվում սեփական աշխատավարձից պահված սոցիալական վճարները, մեկ այլ խնդիր՝ երբ ոչ մի տեղ չի երևում՝ կատարե՞լ է արդյոք պետությունն իր պարտավորությունը: Հիշեցնենք, որ այս տարի բյուջեից 20 միլիարդ դրամ է հատկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար, և յուրաքանչյուր ամիս պետությունը պետք է մասնակիցների հաշվեհամարին աշխատավարձի 5 տոկոսի չափով փոխանցում կատարեր, ինչը, սակայն, ոչ մի տեղ չի երևում:

«Եթե այս առումով մեր պետական այրերը պնդում են, որ դա առանձնացված բյուջե է, դա ոչ մի բանի հետ կապ չունի, պետք է որ այստեղ գումարի խնդիր չառաջանար։ Բայց եթե առաջացել է, ուրեմն իրականում չկա այդ առանձնացված բյուջեն»,- ասաց Բաբայանը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում փորձեցինք ստանալ Ֆինանսների նախարարությունից։ Առայժմ պատասխան չենք ստացել:

XS
SM
MD
LG