Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղու վերագործարկման առումով «հուսադրող ազդակներ կան»


Աբխազական երկաթուղու վերագործարկման առումով «հուսադրող ազդակներ կան»
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի փոխանցմամբ`աբխազական երկաթուղու վերագործարկման առումով վերջին շրջանում հուսադրող ազդակներ կան:

Ըստ պաշտոնյայի, Հայաստանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում տարբեր հանդիպումների ժամանակ Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ խոսել աբխազական երկաթուղու վերագործարկման մասին. - «Ծավալվել է խոսակցություն վերջին անգամ Վրաստանի վարչապետի այցի ժամանակ: Այս վերջին ժամանակահատվածում ակտիվացել են այդ խոսակցությունները: Մասնավորապես, խոսքը գնում է այն մասին, որ արդեն ավելի ակտիվ փորձեր են արվում, որպեսզի վերագործարկվի այդ կարևորագույն հատվածը: Վերջերս Ռուսաստանի երկաթուղիների տնօրենը` Յակունինը, հայտարարությամբ հանդես եկավ, որ բանակցություն են վարվում աբխազական հատվածի վերագործարկման վերաբերյալ»:

Ըստ փոխնախարարի, հարցն ավելի շատ քաղաքական հարթության վրա է, և տնտեսական գործոնները նվազագույն ազդեցություն ունեն այդ գործընթացի վրա. - «Միշտ խոսելիս այդ խնդրի շուրջ, փորձում ենք զգուշորեն մոտենալ այդ հարցին, որովհետև այնտեղ առկա են Վրաստանի, Աբխազիայի նրբագույն հարցեր, որոնք վերաբերում են խնդրի գլոբալ կարգավորմանը, այսինքն` այդ սառեցված կոնֆլիկտի կարգավորմանը: Զուտ տեխնիկական իմաստով վերագործարկումը իրենից առավելագույն բարդ պրոցես չի ներկայացնում»:

Նրա համոզմամբ` աբխազական երկաթուղու վերագործարկման դեպքում Հայաստանի համար տնտեսական արդյունավետությունը զգալի կլինի. - «Այսօր հնարավորությունը միայն լաստանավն է, իսկ լաստանավը թանկացնում է մոտ երեք անգամ այն վճարը, որը անհրաժեշտ է վճարել ուղեբեռը երկաթգծով տեղափոխելու համար»:

Չնայած ակտիվացած բանակցություններին, պաշտոնյան դժվարանում է ասել, թե այնուամենայնիվ երբ կվերագործարկվի աբխազական երկաթուղին։ Միևնույն ժամանակ, Արթուր Առաքելյանը հույս է հայտնում, որ հայ հանրությանը հնարավորինս շուտ կկարողանան ուրախացնել երկաթուղու վերագործարկման փաստով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG