Մատչելիության հղումներ

logo-print

Մարզպետի նշանակումը պայմանավորված է նաև «ՀՀԿ-ին նվիրված լինելու» հանգամանքով


Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով` իրեն նոր պաշտոնին նշանակել են ՀՀԿ-ին նվիրված լինելու համար:

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ: Նախկին մարզպետ՝ Էդգար Ղազարյանը երկու շաբաթ առաջ հրաժարական էր ներկայացրել և նշանակվել է Լեհաստանում Հայաստանի դեսպան:

Կառավարության նիստից հետո Հարություն Սարգսյանը շփվեց լրագրողների հետ: Հարցին, թե իր ո՞ր արժանիքների համար է նշանակվել մարզպետ, ՀՀԿ-ին նվիրվա՞ծ լինելու համար, Սարգսյանը պատասխանեց.- «Աշխատանքային փորձի, իհարկե [ՀՀԿ-ին նվիրված եմ], ոչ միայն ՀՀԿ-ին նվիրված, իհարկե, սա ՀՀԿ-ի քաղաքական որոշումն էր, բայց ես նաև աշխատանքային փորձ ունեմ, կենսագրություն, տարբեր պոստեր եմ զբաղեցրել, տիրապետում եմ մարզի բոլոր ընդհանուր խնդիրներին»։

«Ազատության» դիտարկմանը, որ վարչապետը բազմանշանակ նշեց Սերժ Սարգսյանի և կառավարության հույսերը արդարացնելու մասին, և միգուցե առաջին հերթին նկատի ուներ կուսակցական շահերը, նորանշանակ մարզպետը արձագանքեց.- «Ես չգիտեմ, դուք ինչ եք դատում... ինչու չէ նաև կուսակցության շահերը, բայց առաջին հերթին ժողովրդի հետ աշխատելու վստահությունը։ Ես Վայոց ձորից եմ, ապրել եմ այնտեղ, ապրելու եմ և ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ»։

«Նախկին մարզպետը վատ չի աշխատել, մարզպետը իր իրավունքներն ու պարտականություններն ունի մարզում, ընդամենը կատարելու եմ մարզպետի իրավունքները»,- ասաց Հարություն Սարգսյանը։

«Ազատության» հարցին, թե Հանրապետականի Գերագույն մարմնի նիստում իր առջև ինչ խնդիրներ են դրվել, նորանշանակ մարզպետը պատասխանեց.- «Իմ առջև նոր չէ, որ պետք է խնդիր դրվեր։ Կուսակցության Վայքի տարածաշրջանի խորհրդի նախագահն եմ։ Նախագահը ասել է՝ ժողովրդի հետ աշխատել, ժողովրդի վստահությունը ունենալ»։

XS
SM
MD
LG