Մատչելիության հղումներ

Ակտիվիստները անհեթեթ են համարում ոստիկանության հիմնավորումները


Երեկ երեկոյան ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի կազմակերպված երթի ընթացքում Ոստիկանության կենտրոնի բաժանմունք բերման ենթարկված 9 ակտիվիստները անհեթե են որակում ոստիկանության հիմնավորումը, թե երթի ժամանակ անթույլատրելի է դիմակներ կրելը։

Հիշեցնենք, երեկ ակտիվիստներին բերման ենթարկելը, ոստիկանները պատճառաբանում էին ակցիայի մասնակիցների դիմակ կրելու փաստով, իսկ արդեն ոստիկանության բաժանմունքում ակտիվիստներին ասել են, որ վերջիններս խախտել են հասարակական վայրերն օգտագործելու կանոները։

Ձեռնաշղթաներով բաժին տեղափոխված և երկու ժամից ավելի ոստիկանությունում անցկացրած Դվին Իսանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք այդպես էլ չեն հասկացել՝ ինչ հիմքով են իրավապահներն ընդհատել ֆլեշմոբը։

«Ես ասում էի՝ օրինական պահանջ ներկայացրեք, ես ինքս իմ ոտքով կգամ։ Բայց տենց հրելով՝ հասցրեցին մեքենա։ Էլի ես ասում էի՝ պահանջ ներկայացրեք, ես կնստեմ, պետք չէ հրել։ Որ չհամաձայնեցի նստել, ձեռնաշղթաներ հագցրեցին ու արդեն ստիպողաբար նստացրեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իսանյանը։

Բաժանմունք տեղափոխված մյուս ակտիվիստները նույնպես պնդում են, որ ոստիկանները բերման ենթարկելիս որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել, և բռնի ուժ են գործադրել։

«Ես կանգնած էի, մոտեցել են երկու հրեշտակ, ասել են դուրս գանք մայթ զրուցենք, ես, ընդամենը, ասել եմ, որ զրուցելու համար չեմ եկել այստեղ, ու վերջ։ Կանգնեցին մի քանի րոպե, երբ մետեցավ մեքենան, ինձ քաշքշելով բրդեցին մեքենան, առանց որևէ պահանջի», - պատմեց բերման ենթարկված ու մի քանի ժամից ազատ արձակված ակտիվիստներից մեկը։

Չնայած երեկ երթի ընթացքում ծառայություն իրականացնող գնդապետ Վալերի Օսիպյանը անընդհատ հրահանգում էր բերման ենթարկել դիմակավոր ակտիվիստներին, Ոստիկանության պաշտոնական հիմնավորման մեջ որևէ բառ չկա դիմակների անթույլատրելիության մասին։ Նշվում է, որ ակտիվիստները բերման են ենթարկվել հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար ոստիկանության երեկվա ձեռագիրը նորություն չէ։ Ըստ նրա, հենց սկզբից էլ գործողությունների սցենարը հայտնի էր։

«Բոլոր գործողությունները ուղղված էին երթի խափանմանը՝ սկսած ապօրինի պահանջներից՝ դիմակները հանելու, ընդհուպ մինչև երթի ապօրինի կասեցմանը Ներքին գործերի նախարարության շենքի մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Երեկվա երթին մասնակցած վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով` եթե Գայ Ֆոքսի դիմակները հակաօրինական են, ապա ոստիկանությունը նույն տրամաբանությամբ կարող է բերման ենթարկել նաև այլ միջոցառումների ժամանակ կերպարանափոխվող անձանց. - «Պետք է վարչական ձերբակալման ենթարկվեն Հելոուինի տոնի բոլոր մասնակիցները, Նոր տարվա վրա՝ Ձմեռ պապիկը, Ձյունանուշիկը, վերջիվերջո, այդ կերպարները նույնպես հանդես են գալիս հրապարակայնորեն դիմակավորված»։

Երեկ բերման ենթարկված 9 ակտիվիստներից Գոհար Սարոյանը Ոստիկանության կենտրոնի բաժնում հայտնվեց Աբովյան փողոցի սկզբնամասից նույնպես Գայ Ֆոքսի դիմակ կրելու համար. անզեն աղջկան հատուկ ջոկատայինները ուժի կիրառմամբ, հայտնի «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսուհու նման՝ ոտքերից և գլխից բռնած, հորիզոնական դիրքով մտցրին ոստիկանական մեքենա։

Ոստիկանության հետ բախումների արդյունքում բազմիցս բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ այդ տեսարանը լավագույնս բնութագրում է ուժային կառույցի իրական դեմքը։

«Ինչքան ուզում է Վովա Գասպարյանը փորձի ոստիկաններին ներկայացնել հրեշտակներ և փոխի համազգեստները, դրանից ոստիկանների այդ ապօրինություն գործող էությունը չի փոխվել ու չի փոխվի, որովհետև հենց ամբողջը գալիս է վերադասից. այդ շարքային ոստիկանները, ակցիաներ խափանելով, իրականացնում են հենց վերադասի ցուցումները», - ասաց Կիվիրյանը։

Ակտիվիստները Կենտրոնի բաժնում իրենց ներկայացված վարչական իրավախախտումների արձանագրության տակ չեն ստորագրել, իսկ առաջիկայում պատրաստվում են դատական կարգով բողոքարկել ոստիկանության գործողությունները։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG