Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի. «Ալասանիան արկածախնդիր, հավակնոտ, հիմար նախարար էր»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետը նախկին թիմակցի կոշտ քննադատությունից անցավ ուղղակի վիրավորանքների:

Վրաստանի իշխող կոալիցիայի փլուզումից հաշվված ժամեր անց Կառավարությունը քարոզչական հարձակման է անցնում ընդդեմ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի:

«Այն, ինչ արեց Ալասանիան, ինձ համար 2012 թվականի հոկտեմբերի 1-ի ընտրություններում տարած հաղթանակի դավաճանությունն էր: Նա բազմիցս դիմել է նման քայլերի, և առաջիկայում մեր ժողովրդին դեռ շատ անակնկալներ են սպասում», - այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրացական կառավարության ղեկավարն այսօր, ի դեպ, չբավարարվեց կոշտ քննադատությամբ` ուղղակի վիրավորանքներ հնչեցնելով Ալասանիայի հասցեին:

«Ալասանիան արկածախնդիր մեկն էր, հավակնոտ և հիմար մի նախարար, որի թիմակիցների գործողությունները ես որակում եմ որպես հակապետական: Ալասանիայի նման արկածախնդիրը, սակայն, մեզ որևէ վնաս հասցնել այլևս չի կարող: Լավ է, որ մեր թիմը ազատվեց նման դավաճաններից», - հայտարարեց Ղարիբաշվիլին:

Նա նաև պնդում է, որ Իրակլի Ալասանիան և նրա ղեկավարած քաղաքական ուժը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, գտնվելով իշխող կոալիցիայի ներսում՝ սպասարկում էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերը:

«Իրակլի Ալասանիան միակ նախարարն էր, որ զբաղված էր Ազգային միացյալ շարժման անդամների գործունեության լոբբինգով և նրանց հովանավորելով: Դա վերաբերում էր թե՛ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային և թե՛ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգա Բոկերիային: Ասվածի ապացույցն է նաև այն հանգամանքը, որ պաշտոնանկությունից անմիջապես հետո Ալասանիան հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել Վրաստանի այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են եվրատլանտյան ինտեգրման գաղափարին», - հայտարարեց Ղարիբաշվիլին՝ գերադասելով չհիշատակել Ալասանիայի երեկվա մեկ այլ հայտարարություն, որում պաշտպանության նախկին նախարարը բացառել էր «Ազատ դեմոկրատներ»-ի հնարավոր համագործակցությունը Սաակաշվիլիի կողմնակիցների հետ:

«Մենք հիմնարար հակասություններ ունենք Ազգային միացյալ շարժման հետ, ուստի ես բացառում եմ որևէ քաղաքական դաշինք այդ ուժի հետ: Սաակաշվիլիի կողմնակիցների հետ մեր հակասությունները մի շարք խնդիրների են վերաբերում, այդ թվում՝ այն իրավիճակի գնահատականին, որ առկա էր Վրաստանում նախկին նախագահի իշխանության տարիներին», - հայտարարում էր Ալասանիան:

Վրաստանի վարչապետի այսօրվա քննադատության մյուս թիրախը դարձավ երեկ հրաժարական ներկայացրած արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Ղարիբաշվիլիի պնդմամբ, արդեն նախկին նախարարի փորձը` արտաքին քաղաքական գերատեսչությանը զրկել ողջ ղեկավար կազմից, մատնվեց անհաջողության:

«Միայն այն իրողությունը, որ տիկին Մայա Փանջիկիձեն փորձեց ցուցադրաբար իր ետևից քարշ տալ նաև իր տեղակալներին, վկայում է, թե որքան անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք ունեին նրանք մեր ողջ թիմի հանդեպ: Այս պահին կարող եմ ասել, որ արտաքին գործերի նախարարի բոլոր տեղակալները՝ բացառությամբ Դավիթ Զալկալիանիի, շարունակում են կատարել իրենց պաշտոնական պարտականությունները: Դա իսկական պետական մոտեցում է», - հայտարարեց Ղարիբաշվիլին:

Ի դեպ, արտգործնախարարության ղեկավարները հրաժարականի դիմումները հետ են վերցրել երեկ երեկոյան տեղի ունեցած մի շարք բացատրական զրույցներից հետո: Արտգործնախարարի տեղակալ Թամար Բերուճաշվիլին, օրինակ, «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ «պաշտոնավարումը շարունակելու որոշումը կայացրել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մանրամասն զրույցից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG