Մատչելիության հղումներ

Երթի ժամանակ բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին


Այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց բողոքի երթ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների կողմից իրականացված «արժեքների հեղափոխության» փորձի տարեդարձի կապակցությամբ:

Բողոքի գործողության մասնակիցներից շատերը կրում էին խորհրդանշական դիմակներ: Երթի մեկնարկից քիչ անց մասնակիցներից 7-ը բերման ենթարկվեցին Ազատության հրապարակից, ևս մեկ քաղաքացի՝ Աբովյան փողոցի սկզբնամասից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածի 2 մասը խախտելու համար, այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Ժամեր անց բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին:

Ինչո՞ւ էին փողոց դուրս եկել Շանթն ու ընկերները

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և ընկերների երթին հենց սկզբից հետում էին տասնյակ ոստիկաններ, անսովոր մեծ թվով ոստիկաններ էլ՝ մոտ յոթը, տեղում նկարահանում էին նրանց ակցիան։

Հարությունյանը հենց սկզբից զգուշացնում էր, որ իրենց շարքերում սադրիչներ կան, և եթե խանգարողներ լինեն, չեն հանդուրժի: Նա այս հարցով անգամ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին դիմեց։

Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ երկրում ստեղծված վիճակը այլևս չի հանդուրժի․ կուսակցությունները ստում են, ընդդիմություն չկա, իսկ հասարակ ժողովուրդը չի կարողանում ապրել: «Անգամ երեխա չենք կարողանում պահել» ասելով՝ Հարությունյանն իր զրահաբաճկոնը փոխանցեց անչափահաս որդուն՝ Շահենին:

«Երեխես էլ ա կռվելու հետս: Էս հագցնում եմ, ինձ խփում են, թող խփեն», - ասաց Շանթ Հարությունյանը:

Փայտերով և այդ պահին դեռևս անհայտ պարունակությամբ գնդաձև իրերով զինված ցուցարարները Ազատության հրապարակից սկսեցին քայլել դեպի Մաշտոցի պողոտա։ Նրանց կողքին քայլ առ քայլ առաջ գնացող Երևանի փոխոստիկանապետը ոչ մի արտառոց բան չէր տեսնում։ Դիտարկմանը, որ ցուցարարները փայտերով են շարժվում, փոխոստիկանապետն արձագանքեց․ - «Դե հիմա փայտ ա, փայտ ա, ի՞նչ ա: Միշտ հիշեք՝ Ոստիկանությունը պահպանում ա հասարակական կարգ, կապ չունի՝ ով ուզում ա, ինչով ուզում ա լինի, մենք թույլ չենք տալու որևէ անօրինական գործողություն»:

Շանթ Հարությունյանը համակիրների հետ ընդամենը մի քանի քայլ արեց դեպի պողոտա: Հենց այստեղ էր, որ ցուցարարների խմբից մի քանի սևազգեստ տղամարդկանց հետ բախում սկսվեց:

Մաշտոցի պողոտայի Ազատության հրապարակին հարող հատվածում գործի դրվեց առաջին պայթուցիկը, դրան հաջորդեցին մյուսները, մի քանիսն էլ հենց լրագրողների ոտքերի մոտ պայթեցին․ ամեն ինչ շատ արագ և անսպասելի եղավ։ Խառնաշփոթի մեջ այնպիսի տպավորություն էր, կարծես ոստիկաններն էլ չէին հասկանում, թե ինչ էր կատարվում, Մաշտոցի պողոտայի այդ հատվածում երթևեկությունը կաթվածահար եղավ։

Ցուցարարները մահակներով սկսեցին հարվածել սևազգեստ տղամարդկանցից մեկին: Հետագայում պետք է պարզվեր, որ նա ոստիկան էր, իսկ գործով ճանաչվեց որպես տուժող։

Բախումների սկզբում ոստիկանությունը իրավիճակը մոտ տասը րոպե կարծես չէր կարողանում վերահսկել, իսկ ցուցարարների թիվն ավելանում էր: Ամեն ինչ փոխվեց, երբ տեղում հայտնվեցին ոստիկանության հարյուրավոր հատուկջոկատայիններ և կարմիր բերետավորներ․ ցուցարարներին սկսեցին զանգվածաբար բերման ենթարկել։

4 ամիս տևած դատավարության ընթացքում գործով որպես մեղադրյալ անցնող Շանթ Հարությունյանը և նրա ընկերները այդպես էլ չընդունեցին, որ մեղավոր են: Փոխարենը, օգտագործեցին իրենց պաշտպանական խոսքի իրավունքը՝ Հայաստանում Կրեմլի գերիշխանությունը և Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը քննադատելու համար։

«Դուք բոլորդ Ռուսաստանի կամակատար եք, պարոն դատավոր: Էստեղ կարելի է գրել՝ հանուն Ռուսաստանի Ֆեդերացիայի», - դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը:

XS
SM
MD
LG