Մատչելիության հղումներ

Քաղցկեղով հիվանդը մտադիր է դատի տալ հաշմանդամության կարգ տրամադրող գործակալությանը


Սամվել Հովհաննիսյանը չի կարող օգտվել պետական անվճար բուժօգնությունից, քանի որ գործակալությունը չի փոխում նրա հաշմանդամությանը կարգը:

Շուրջ երկու ամիս է, ինչ 63 -ամյա Սամվել Հովհաննիսյանը պայքար է սկսել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության որոշման դեմ:

Գործակալությունը թոքի քաղցկեղ, շաքարախտ և սրտի անբավարարություն ունեցող Հովհաննիսյանին երկրորդ խմբի փոխարեն տրամադրել էր երրորդ խմբի հաշմանդամության կարգ, ինչը վերջինիս զրկել է տարբեր բուժծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունից:

Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ իր հաշմանդամության կարգը մեղմացրել են անհիմն՝ ընդամենը արտաքին տեսքի գնահատման արդյունքում: Նա պատմում է, որ այս ընթացքում այցելել է տարբեր բուժհաստատություններ, առողջական վիճակի վատթարացման մասին նոր փաստաթղթեր է ներկայացրել գործակալություն, բողոքարկել է որոշումը, սակայն որևէ արդյունքի չի հասել:

«Էսքան փունջ հիվանդություն, ես շատ լավ եմ, հա՞», - հարցրեց Հովհաննիսյանը Վերափորձաքննական բաժնի պետ Արամ Պետրոսյանին:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննական բաժնի պետ Արամ Պետրոսյանը մեր ներկայությամբ Հովհաննիսյանին հայտնեց, որ նրա առողջական վիճակը կայուն է, հիվանդությունները չեն զարգացել, ուստի որոշումն անփոփոխ է մնում:

«Վերափորձաքննական բաժինը խորհրդատվություն է տրամադրում, Ձեզ սահմանելու հաշմանդամության երրորդ խումբ մեկ տարի ժամկետով, որովհետև բոլոր բժշկական փաստաթղթերով և մասնագետների զննման տվյալներով, մեր կառավարության որոշումներով հաստատված ցուցանիշներով այսօր դա կարելի է սահմանել», - ասաց Պետրոսյանը:

Սամվել Հովհաննիսյանը վրդովվեց գործակալության պաշտոնյայի այս պատասխանից, քանի որ իր դեպքում ո՛չ քաղցկեղը, ո՛չ շաքարային դիաբետը բուժման ենթակա չեն: Գործակալության բժիշկների հիմնավորումները չեն բավարարում հաշմանդամին, ով շուրջ երկու ամիս է, ինչ տարբեր հաստատություններում բուժզննումների համար գումար և ժամանակ է ծախսել:

«Երկու ամիս շատ վատ վիճակներ ապրեցի, անհանգիստ վիճակներ ապրեցի, և հիմա էլ նույն վիճակն է: Իրենք հիվանդի համար ոչինչ չեն ցանկանում անել: Դատավորի դերում են հանդես գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս վիճակի պատճառն այն է, որ գումար չի տվել համապատասխան կարգ ստանալու համար:

Սամվել Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մտադիր է դատական կարգով բողոքարկել գործակալության որոշումը, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այլևս հույսեր չի կապում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG