Մատչելիության հղումներ

Լրացուցիչ տեղեկություններ Ինջիղուլյանի գերեվարման մասին


Հակոբ Ինջիղուլյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ գերությունից վերադառնալիս, 2-ը հոկտեմբերի, 2014թ.
Հակոբ Ինջիղուլյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ գերությունից վերադառնալիս, 2-ը հոկտեմբերի, 2014թ.

Հայաստանի պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ «ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը» հաստատող տեսագրություն ունեն։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի՝ տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելու հարկադրմանը, «ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները»։

«Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում՝ անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին», - ասված է Հովհաննիսյանի հաղորդագրությունում։

Հակոբ Ինջիղուլյանը, հիշեցնենք, գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և ավելի քան մեկ տարի գերության մեջ անցկացնելուց հետո ազատ արձակվել՝ մեկնելով նախ երրորդ երկիր, ապա այս տարվա հոկտեմբերի 2-ին վերադառնալով Հայաստան։

Նա պնդում է, որ ադրբեջանցիները խոշտանգումներով իրենից կորզել են իրենց հաճո հայտարարություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG