Մատչելիության հղումներ

Հրաժարականների շքերթը Վրաստանում շարունակվում է


Վրաստան - Մայա Փանջիկիձեն ճեպազրույցում հայտարարում է ԱԳՆ-ի ղեկավար կազմի հրաժարականի մասին, Թբիլիսի, 5-ը նոյեմբերի, 2014թ․

Վրաստան - Մայա Փանջիկիձեն ճեպազրույցում հայտարարում է ԱԳՆ-ի ղեկավար կազմի հրաժարականի մասին, Թբիլիսի, 5-ը նոյեմբերի, 2014թ․

Ալասանիայի պաշտոնանկությանը և Պետրիաշվիլիի հրաժարականին հետևեցին Փանջիկիձեի և նրա տեղակալների հրաժարականները:

Հրաժարականների շքերթը Վրաստանում շարունակվում է: Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությանն ու նրա մերձավոր զինակից, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի հրաժարականին հետևեց երկրի արտաքին քաղաքական գեատեսչության ողջ ղեկավար կազմի հրաժարականը: Այսօր կեսօրին այդ մասին հայտարարեց արդեն նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն` իր տեղակալների հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինձ հետ միասին հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև իմ թիմակիցները` փոխնախարարներ պարոն Դավիթ Զալկալիանին, տիկին Թամար Բերուչաշվիլին, պարոն Վլադիմիր Գուրգենիձեն: Նրանց է միացել նաև իմ տեղակալներից ևս մեկը` Դավիթ Ջալաղանիան, ով այս պահին այստեղ ներկա չէ, քանի որ պաշտոնական այցով գտնվում է Կուբայում: Մենք լքում ենք նաև այն քաղաքական միավորումը, որին անդամակցում էինք` «Վրացական երազանք»-ի շարքերը», - հայտարարեց Փանջիկիձեն:

Վրացական դիվանագիտության արդեն նախկին ղեկավարի խոսքով՝ վերջին ներքաղաքական զարգացումները կարող են հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ:

«Ակհնայտ է, որ ոչ միայն մեր ապագա ծրագրերն են վտանգված, այլև այն արդյունքները, որոնց մենք կարողացել են հասնել», - նշում էր Փանջիկիձեն:

Հարկ է նկատել, որ արտգործնախարարի հրաժարականը անակնկալ չդարձավ վրացական քաղաքական վերնախավի համար: Բանն այն է, որ Մայա Փանջիկիձեն պաշտոնանկ արված Իրակլի Ալասանիայի ազգականն է՝ Փանջիկիձեի հարազատ քույրը` Նաթիա Փանջիկիձեն պաշտպանության նախկին նախարարի կինն է:

Սա էր թերևս պատճառը, որ մեկնաբանելով արտաքին գործերի նախարարի հրաժարականը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում էր․ - «Ցավում եմ, որ պետության և ընտանիքի հետ համերաշխության միջև տիկին Մայան ընտրեց ընտանիքը: Ամեն դեպքում, կյանքը շարունակվում է, առաջընթացը՝ նույնպես»:

Այսօր պետք է որոշվի նաև, թե արդյո՞ք Ալասանիայի ղեկավարած քաղաքական ուժը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կշարունակի մաս կազմել իշխող կոալիցիային:

«Այսօր ժամը 5-ին ես կոալիցիայի նիստ եմ հրավիրել: Հուսով եմ, որ դրան կմասնակցեն նաև ազատ դեմոկրատները: Մենք պատրաստ են նրանց հետ աշխատել, նրանք ևս մեր զինակիցներն են, ազատ դեմոկրատների շարքերում կան իրոք արժան մարդիկ: Ամեն դեպքում, ընտրությունն ազատ դեմոկրատներինն է: Իրենք պետք է որոշեն, թե որն է ավելի կարևոր` պետությո՞ւնը, թե՞ անհատները», - հայտարարեց Ղարիբաշվիլին:

Սրընթաց զարգացող ներիշխանական ճգնաժամը Վրաստանում ծագեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ կոռուպցիոն բնույթի մեղադրանքների հիման վրա ձերբակալվեցին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան ղեկավարներ: Սրան ի պատասխան՝ Իրակլի Ալասանիան երեկ առավոտյան շտապ կարգով ասուլիս հրավիրեց: «Կուզեմ հստակորեն հայտարարել․ այս ողջ հետաքննությունը իր էությամբ գրոհ է Վրաստանի կողմից կատարված եվրատլանտյան ընտրության դեմ, սա գրոհ է ընդդեմ մի կառույցի, որն այս արտաքին քաղաքական նպատակին հասնելու ճանապարհին լուրջ հաջողություններ է արձանագրել», - հայտարարեց Ալսանիան:

Պաշտպանության նախարարի այս հայտարարությունից մի քանի ժամ անց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակեց Ալասանիայի պաշտոնանկության մասին լուրը: «Վերջին օրերին պաշտպանության նախարարը սկսեց հակադրվել հետաքննչական մարմիններին` փորձելով քաղաքականացնել խնդիրը: Ճշմարտությունը պարզելու նպատակով իրականացվող հետաքննությանն աջակցելու փոխարեն՝ Իրակլի Ալասանիայի գործողությունները քաղաքականացնում էին Պաշտպանության նախարարությունն ու ողջ բանակը», - պնդում էր վրացական կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG