Մատչելիության հղումներ

Բարձր աշխատավարձ ստացող կանայք «անցանկալի կդառնան գործատուների համար»


Կառավարությունը ցանկանում է մեկ միլիոն դրամից ավելի վաստակող կանանց տրվող մայրության արձակուրդի նպաստի փոխհատուցումը դնել գործատուի վրա։

«Մեկ միլիոն դրամից ավելի վաստակող կանանց համար սահմանափակումներ դնելով և բարդելով այդ բեռը գործատուի վրա, Կառավարությունը ակնհայտ խտրականություն է դրսևորում կանանց նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստ Մանե Թանդիլյանը:

Քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Տաթևիկ Դավթյանն ասում է, որ խախտելով սեռերի հավասարության սկզբունքը՝ պետությունը խախտում է միջազգային մի շարք փաստաթղթերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

«Երևի առաջին անգամ մեր օրենսդրության մեջ գոյություն չունեցող աննախադեպ մի պրակտիկա է մտցնում, դա կանանց և տղամարդկանց միջև հստակ խտրականության պրակտիկան է։ Մենք, բարեբախտաբար, չունենք օրենսդրություն և օրենքներ, որոնք այդ խտրականությունը օրենսդրական մակարդակում ապահովում են, ավելին՝ մենք 2013 թվականին ընդունեցինք կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին օրենքը։ Փաստորեն էսօր անում ենք մի բան, որով հստակ փաստում ենք, որ կինը և տղամարդը այլևս աշխատանքային հարաբերություններում հավասար հնարավորություն չեն ունենա, որովհետև եթե կինը բարձր է վաստակում, ապա միայն իր ֆիզիոլոգիական վիճակից ելնելով կարող է իր եկամուտի մի մասից զրկվել»,- ասաց Դավթյանը։

Այդուհանդերձ հիշեցնենք, որ մինչ օրինագծի վերջին խմբագրումը, այն ավելի խիստ սահմանափակումներ էր նախատեսում, մասնավորապես, կառավարությունն առաջարկում էր մայրացող կանանց վճարել ըստ վերջին գործատուի մոտ ունեցած ստաժի՝ աշխատավարձի 40-80 տոկոսի չափով։

Երեկ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ մայրության արձակուրդի համար տրվող մինչև 4 միլիոն 600 հազար նպաստը կվճարվի պետական բյուջեից։

«Հարգելի գործատուներ, եթե դուք այդքան շատ եք սիրում ձեր աշխատողներին, պրեմիաներ եք տալիս, դրանից ավելին բարի եղեք ծննդաբերության համար վճարել»,- ասաց Հակոբյանը։

Մանե Թանդիլյանը համոզված է՝ որևէ գործատու պարտավոր չէ և իր վրա չի վերցնի այդ հավելյալ պարտականությունը. - «Մենք ուղղակի կանանց աշխատուժը դարձնում ենք ոչ ցանկալի գործատուի համար։ Առանց այդ էլ այդ կնոջը նրանք դժվար են ընդունում։ Ինչո՞ւ, որովհետև գիտեն, որ նման խնդիր կա՝ էդ կինը երեխա ունենալուց ավելի շատ ընտանիքին է կապված, փորձում է համատեղել, և դա շատ դժվար է տրվում կանանց ու հիմա էլ գործատուի վրա բարդենք նրա փոխհատուցման չափը, որ որևէ կերպ գործատուն որևէ շահագրգռվածություն չունենա՞ առաջ տանելու նույն հավասար որակավորումներով կնոջը և տղամարդուն»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկների դեմ պայքարող նախաձեռնության անդամները, ըստ էության, մեկ պահանջ էին ներկայացրել, որը երկու մասից էր բաղկացած՝ բոլոր կանայք պետք է փոխհատուցվեն իրենց եկամտի 100 տոկոսի չափով և առանց որևէ վերին շեմ սահմանելու:

Տաթևիկ Դավթյանն ասում է, որ վերին շեմ չսահմանելու մասով փաստորեն իրենց պահանջը չկատարվեց և բարձր որակավորում ունեցող ու բարձր աշխատավարձ ստացող երիտասարդ կանայք խիստ անցանկալի դարձան գործատուների համար: Փաստորեն, նրանք այսուհետ ևս մեկ խոչընդոտի կհանդիպեն ընտանիքն ու կարիերան համատեղելու ճանապարհին:

«Եվս մեկ խտրականություն, ևս մեկ դժվարություն ներմուծելով աշխատող կնոջ կյանքում, ընդ որում ինչքան բարձր է վարձատրվում կինը, այնքան ավելի լարված ու դժվար է իր առօրյայի կազմակերպումը տեղի ունենում, մենք այս կանանց հստակ ազդակ ենք տալիս և ասում, որ այդպիսի կանանց կարիք չունենք, պետությունը էլ որևէ կապ չունի այն կանանց հետ, ովքեր շատ են վաստակում, շատ ներդրում են ունենում պետության կայացման գործում, բայց այ նպաստ մենք չենք ուզում իրենց փոխհատուցել»,- ասաց Դավթյանը։

XS
SM
MD
LG