Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են


Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 7տոկոսով:

Ընդ որում, նախորդ տարիների հետ համեմատած անկում գրանցվում է առաջին անգամ: Այսպես՝ 2013-ի հունվար-սեպտեմբերին հայաստանյան արտահանումը ռուսաստանյան շուկա աճել էր 24 տոկոսով, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածում՝ գրեթե 21 տոկոսով։

Եվրամիությունից հետո Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Հատկապես վերջին շրջանում, երբ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների՝ Մոսկվան արգելեց եվրոպական մի շարք երկրներից գյուղմթերքի, պարենային ապրանքների ներմուծումը ռուսաստանյան շուկա, Հայաստանի կառավարության ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, թե սա լավ հնարավորություն է բացում հայաստանյան արտադրողների, արտահանողների համար՝ մեծացնել իրենց ապրանքների իրացումը Ռուսաստանում:

Օրինակ, անցած ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ահա, թե ինչ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը.- «Մենք աշխատում ենք, բոլոր պատկան մարմինները աշխատում են, աջակցում ենք մեր արտադրողներին, փորձելու են ծավալները մեծացնել և արտահանել Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս։ Իմ կարծիքով՝ մենք այդ ոլորտում մեծ հաջողություններ ենք ունենալու»։

Ռուսաստանը հանդիսանում է հայաստանյան վերամշակող արդյունաբերության հիմնական շուկան: 2009թ. տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե այսուհետ տնտեսության զարգացման գործում շինարարության փոխարեն առաջնային նշանակություն է ունենալու արդյունաբերությունը: 2011-ին անգամ ընդունվեց «ՀՀ արտահանմանn ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», և կառավարությունը խոստացավ այնքան արագ զարգացնել արդյունաբերությունը, որ մինչև 2015թ․ արտահանումը կրկնապատկվի՝ հասնելով 2 միլիարդ դոլարի, իսկ 2020-ին արտահանումը պետք է եռապատկվի՝ հատելով 3 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ի դեպ, 2013-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես խոստացավ երկրի տնտեսությունը զարգացնել արտահանման մեծացման միջոցով, ինչը ամրագրված է նրա նախընտրական ծրագրում:

«Եթե հիշում եք, մեր պաշտոնյաները ասում էին, որ հենց սննդամթերքի գծով պոտենցիալ կա, որ շուկա մեծացնեն դեպի Ռուսաստան։ Այստեղ հակասական իրավիճակ է ստեղծվում, որովհետև կոնկրետ սննդամթերքի մասով արտահանման ծավալները ավելի շատ են նվազել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը.- «Ընդհանուր առմամբ Ռուսաստան արտահանվում է մոտ 60 անուն սննդամթերք և ամենամեծ նվազումը արձանագրվել է մրգեղենի մասով։ 60 տոկոսով ծիրանի, բալի, կեռասի, այս տիպի ապրանքների և սպիրտային խմիչքների արտահանումն է նվազել»։

Ըստ Թունյանի, Ռուսաստանի տնտեսությունում առաջացած բարդ իրավիճակն է այդ երկիր հայաստանյան արտահանման կրճատման հիմնական պատճառը:

«Օգոստոսի սկզբին պատասխան պատժամիջոցները կիրառեցին ռուսական իշխանությունները սննդամթերքի մասով։ Մի կողմից կարելի է ասել, որ օգոստոսից մինչև հոկտեմբեր ժամանակահատվածը քիչ էր, որպեսզի կարողանայինք այդ ընթացքում ռուսական շուկայում դիրքերը ամրապնդել, բայց ամեն դեպքում գոնե անկումը պետք է չլիներ։ Իսկ այդ անկումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը նվազում է»,- ասաց տնտեսագետը։

XS
SM
MD
LG