Մատչելիության հղումներ

Համալսարանականների նորակառույց շենքից արդեն քարեր են թափվում


Կառուցապոտող ընկերությունը խնդրի շուրջ պարզաբանում չի տալիս, պատվիրատու ընկերությունն էլ խոստանում է սեփական միջոցներով խնդիրը լուծել։

Նորակառույց էլիտար շենք, որն արդեն հավակնում է դառնալ վթարային. 2010 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնված Ծարավ Աղբյուր 55/5 շենքի հիմնասյան վրա առաջացած ճաքերը և արտաքին պատերից թափվող սալիկներն իրական վտանգ են դարձել բնակիչների համար։

315 բնակարան ունեցող 11 հարկանի շենքի շինարարությունը իրականացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականներին» ծրագրով։ Կառուցապատողը «Գլենդել հիլզ» ընկերությունն է, որի հասցեին վերջին տարիներին մեղադրանքներ են հնչում՝ նորակառույցներում շինարարակական խախտումներ թույլ տալու մասին։

Մեկ քառակուսի մետրի դիմաց 170 հազար դրամ վճարած Երևանի պետական համալսարանի նախկին աշխատող Արմեն Մարկոսյանը խոստովանում է՝ բնակարանը ձեռք է բերել շուկայականից փոքր-ինչ էժան գնով, կառուցապատողի բարեխղճությանը չի կասկածել, քանի որ շինարարության ընթացքում պարբերաբար նշվում էր, որ «այն իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո»։

«Երբ մարդիկ ինձ հարցնում էին. - «ինչքանո՞վ ես համոզված, որ կլինի որակյալ կառույց»։ ասում էին՝ ի վերջո, Սերժ Սարգսյանի հովանու ներքո է դա կառուցվում։ Ու ես տենց էլ չհասկացա՝ արդյո՞ք հանրապետության մեր նախագահի պատիվն այսքան է, որ էս ձևով են էս շենքը մեզ հանձնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարկոսյանը։

Շենքից հաճախակի թափվող քարերից բարեբախտաբար մարդկային զոհեր դեռ չեն գրանցվել։ Փոխարենը արդեն եղել են դեպքեր, երբ մի քանի տասնյակ կիլոգրամ կշռող սալիկները՝ ընկնելով ջարդուփշուր են արել բակում կայանած մեքենաները։ Բնակիչների ֆեյսբուքյան էջերում լուսանկարների պակաս չկա։

«Ամենավերևի բալկոնի այս հատվածը, մի փոքր այս կողմից որ նայեք, քարերը հեսա ընկնելու են, մի փոքր որ կողք նայեք կտեսնեք՝ հաջորդ սալիկն էլի պոկված է», - ասաց Արմեն Մարկոսյանը։

Ծարավ Աղբյուր 55/5 շենքի բնակիչների մտավախություներն այսքանով չեն ավարտվում, նրանց մղձավանջը շարունակվում է նաև շենքի ներսում. ամիսներ առաջ նոր վարդակ տեղադրելու համար իր բնակարան եկած մասնագետի հետ Արմեն Մարկոսյան բացահայտել է, որ շենքի գլխավոր հիմնասյունը փխրուն է և չի տարբերվում կողային պատերից, իսկ ննջարանի անկյունում բացված ճեղքից էլ պարբերաբար լսվում է քամու սուլոցը։

«Ստեղից հիմա քամի է փչում։ Հավանաբար, պեմզաբլոկների արանքի անցքերից քամին գալիս մտնում է բնակարան, ու, ես վստահ եմ, որ այս քամին մինչև տանիք գնում է», - ասաց բնակիչը։

Առանց այն էլ փոքր խաղահրապարակ ունեցող բազմաբնակարան շենքի բակում, երեխաների տեղաշարժը սահմանափակված է. եթե այլ բակերում մայրերը հիմնականում հորդորում են երեխաներին չհեռանալ խաղահրապարակից, ապա այստեղ, ճիշտ հակառակն է, Ռուզաննա Խաչատրյանի առաջին պահանջը որդուն՝ շենքին մոտ չգալն է։

«Ես աշխատում եմ չթողնեմ, որովհետև վտանգավոր է. իրենք շենքի տակ են խաղում՝ հենց պատերի տակ վազվզում են, ու քարերն ընկնում են», - ասաց Խաչատրյանը։

Շենքի շինարարությունը վերահսկող ծրագրի համակարգող, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը բնակարաների պատերին ի հայտ եկած ճեղքերը համարում է «նորակառույց էլիտար շենքերին հատուկ բնական երևույթ»։ Նա վստահեցնում է՝ կառուցապատումը կատարվել է «բարձր որակով և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան»։

«Մեր կողմից ամբողջ շինարարության ընթացքում բետոնի ամբողջ զանգվածը համապատասխան փորձագիտական լաբորատորիաների միջոցով ուսումնասիրվել է, և շենքը համապատասխանում է ինը բալ սեյսմակայունությանը։ Այդ առումով որևէ խնդիր լինել չի կարող, ես ամենայն պատասխանատվությամբ Ձեզ հայտարարում եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քարամյանը։

Երիտասարդ համալսարանականներին մատչելի գնով վաճառվող շենքում փոխնախարարը նույնպես բնակարան ունի։ Ի տարբերություն այլ բնակիչների, արտաքին պատերից թափվող քարերից բացի, Քարամյանն այլ խնդրի չի բախվել, եղածն էլ, ըստ նրա, հապճեպ ու անփույթ աշխատանքի արդյունք է, քանի որ կառուցապատողը չէր հասցնում ավարտել շինարարությունը խոստացված ժամկետում։

Իսկ, թե ինչո՞ւ են թույլատրել կառուցապատողին շինարարությունն արագացնել որակի հաշվին, փոխնախարարը ուղիղ պատասխան չտվեց։

«Ցավոք, սովորում ենք սխալների վրա։ Սա մեծ ուսուցողական դպրոց եղավ մեզ համար՝ որպես պատվիրատուի», - ասաց փոխնախարարը։

Արսեն Քարամյանի տվյալներով՝ «Գլենդել հիլզ» ընկերությունում այսօր ֆինանսական ճգնաժամ է, ուստի, ըստ փոխնախարարի, առաջիկայում պատրաստվում են սեփական միջոցներով իրականացնել շենքի քարաթափումը և վերանորոգումը։ Ծախսված ամբողջ գումարը կառուցապատողից կփորձեն ստանալ, արդեն, դատական ատյաններում։

Շինարարական այս ամբողջ աղմուկի գլխավոր դերակատար «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Էդվարդ Մելիքյանը հրաժարվեց ծագած խնդրի շուրջ որևէ պարզաբանում տալ և խորհուրդ տվեց դիմել լրատվական բաժին։ Սակայն մեր՝ լրատվական բաժին կատարած զանգերը մնացին անպատասխան։

Իսկ Ծարավ Աղբյուր 55/5 շենքի փլուզման վտանգի տակ ապրող բնակիչներն «Ազատության» հետ զրույցում, սեփական դառը փորձից ելնելով, նորակառույցներում բնակարան ձեռք բերել ցանկացողներին խորհուրդ տվեցին, գործից առաջ «ծանր ու թեթև անել» և կուլ չտալ անգամ «նախագահի բարձր հովանու առկայության խայծը»։

XS
SM
MD
LG