Մատչելիության հղումներ

Նախնական հարցումների համաձայն՝ Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը կկորցնի վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում:

Միացյալ Նահանգներում այսօր մեկնարկում են այսպես կոչված միջանկյալ ընտրությունները:

Հանրապետական ընդդիմությունը իրական հնարավորություն ունի նվաճելու ամբողջ Կոնգրեսը, որտեղ մինչև այժմ վերահսկում էր ընդամենը Ներկայացուցիչների պալատը:
Այսօր սպասվող քվեարկությամբ ամերիկացիներն ընտրում են 435 պատգամավորների, 36 նահանգների սենատորների, նահանգապետերի, օրենսդիր ժողովների անդամների:

Ընտրությունները կոչվում են միջանկյալ, որովհետև անցկացվում են հերթական նախագահական ժամկետի կեսերին: Այսինքն, Բարաք Օբաման կշարունակի նախագահել ևս երկու տարի՝ անկախ ընտրությունների արդյունքներից: Ըստ դիտորդների կանխատեսումների, առաջիկա երկու տարիները լինելու են Օբամայի նախագահության թերևս ամենադժվարինը:

Նախնական հարցումների արդյունքները վկայում են նախագահ Օբամայի Դեմոկրատական կուսակցության անհաջողության մասին, մասնավորապես, որ դեմոկրատները կկորցնեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում, և շատ հարցերում նախագահը կկորցնի քաղաքական երբեմնի նախաձեռնությունը:

Ամերիկացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս նաև նրանց խորը դժգոհությունը կառավարությունից և մտահոգությունը՝ արտաքին սպառնալիքների հարցում։

Այս ամենն էլ իր հերթին հանգեցրել է Օբամայի վարկանիշի կտրուկ անկմանը, որը, բնականաբար, հեշտացնում է Հանրապետականների գործը՝ Սենատում տեղեր նվաճելու հարցում: Ընդդիմությունը ևս վեց աթոռ ձեռք բերելու դեպքում կդառնա մեծամասնությունը՝ այդպիսով թուլացնելով Սպիտակ տան ազդեցությունը երկրում: Արևմտյան մամուլի հարցումների արդյունքները փաստում են, որ Հանրապետականներին դա հաջողվելու է: Այսօր Օբամայի կուսակցությունը Սենատում վերահսկում է 100 տեղից 55-ը:

Ընթացիկ այս ընտրություններն արդեն իսկ համարվում են միջանկյալ ընտրությունների պատմության մեջ ամենաթանկարժեքը: Պայքարող երկու կուսակցությունները շուրջ չորս միլիարդ դոլար են ծախսել, որի առյուծի բաժինը հատկացվել է թեկնածուների քաղաքական գովազդներին: Չնայած այս հսկայական ծախսերին՝ քաղաքագետները այս ընտրությունների արդյունքում երկրի քաղաքական կուրսում որևէ բախտորոշ փոփոխություններ չեն ակնկալում:

XS
SM
MD
LG