Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ն ու «Իլուր»-ը դիմել են Վճռաբեկ դատարան


«Հրապարակ»-ն ու «Իլուր»-ը դիմել են Վճռաբեկ դատարան
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

Թերթի խմբագիրն ասում է, որ չնայած դատարանի պահանջին, հոդվածի հեղինակը ոչ մի կերպ չի պատրաստվում բացահայտել տեղեկատվության աղբյուրը։

«Հրապարակ» օրաթերթն ու «Իլուր» պարբերականը դիմել են Վճռաբեկ դատարան՝ խնդրելով վերացնել առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների որոշումները, որոնք պարտավորեցնում են երկու լրատվամիջոցներին բացահայտել մայիսին հրապարկված հոդվածի աղբյուրը։

Վճռաբեկ դատարանի հետ մեծ հույսեր չկապելով՝ «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանն ասում է, որ իշխանությունները փորձեցին նոր լծակ կիրառել ԶԼՄ-ներին ճնշելու համար ու նախադեպ ստեղծեցին․ - «Լրատվամիջոցներին կաշկանդելու եղանակ է, որպեսզի մենք այլևս չփորձենք անանուն աղբյուրներից օգտվել»:

Թերթի խմբագիրն ասում է, որ չնայած դատարանի պահանջին, հոդվածի հեղինակը ոչ մի կերպ չի պատրաստվում բացահայտել աղբյուրը։

«Իլուր»-ն ու «Հրապարակ»-ը, տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի գիշերը Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնության էր ենթարկել հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանին ու նրա եղբորը։ ՀՔԾ-ն խնդրել էր հայտնել աղբյուրը, երբ լրատվամիջոցները մերժել էին, դիմել էր դատարան։

ԶԼՄ-ների շահերը ներկայացնող փաստաբաններից Արտակ Զեյնալյանը նույնպես մեծ հույսեր չի կապում Վճռաբեկ դատարանի հետ, բայց նշում է, որ ամեն կերպ փորձելու է պաշտպանել իրենց վստահորդի շահերը․ - «Սա խոսքի ազատության իրավունքի միջամտություն է, սա շատ պարզ է»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համար նույնպես միանշանակ է, որ փորձ է արվել ճնշել ու կաշկանդել լրատվամիջոցներին։

Գարնարը Գյումրիում այդ միջադեպի մասին բոլորն էին խոսում, ինչո՞ւ ՀՔԾ-ն որոշեց լուրի աղբյուր պարզել հենց երկու ընդդիմադիր լրատվամիջոցներից։

«Դա դասական առումով նաև, այսպես կոչված, թաքնված գրաքննություն է՝ իրավական մեխանիզմները օգտագործելով՝ թաքնված գրաքննություն: Սա այն գործընթացն է, որը ուղիղ տանում է դեպի Եվրոպական դատարան, և ես կարող եմ համոզված ասել, որ Եվրոպական դատարանում Հայաստանը կպարտվի», - նշեց Մելիքյանը:

Եվ՛ Աշոտ Մելիքյանը, և՛ մի շարք այլ մեդիա փորձագետներ և իրավապաշտպաններ էին կանխատեսում, որ այսպիսով Դատախազությունը նախադեպ է ստեղծում, որ ցանկացած պահի քննչական մարմինը կարողանա դիմել դատարան՝ աղբյուրը բացահայտելու պահանջով։ «Հրապարակ» օրաթերթի դուռը թակողները չուշացան։

«Հենց հիմա իմ սեղանի վրա են երկու նմանատիպ գրություններ, որտեղ մեզնից պահանջում են նշված որևէ հոդվածի հետ կապված աղբյուրը բացահայտել, ինչպես իրենք են ձևակերպում՝ հանցագործության մասին հաղորդումը հաստատող ձեզ մոտ եղած նյութերը տրամադրեք մեզ», - ասաց Արմինե Օհանյանը:

«Հրապարակ»-ի խմբագիրը ասում է, որ ո՛չ Գյումրու միջադեպի մասին հոդվածի, ոչ էլ մյուս աղմկահարույց դեպքերում «Հրապարակը» չի ցանկանում աղբյուրներ բացահայտել, որովհետև իրենց աշխատանքը ոչ թե գործի քննությանն օգնելն է, այլ հարցը հրապարակայնացնելը։ Թերթին տեղեկություն տրամադրած մարդը չի ենթադրել, որ ամիսներ անց պետք է գործ ունենա քննչական մարմինների հետ, իր անունը բացահայտվելու արդյունքում գուցե կորցնի աշխատանքը և սպառնալիքի տակ դնի իր անվտանգությունը։

«Լրագրողը, մամուլը օպերատիվ աշխատանքներ իրականացնող մարմին չէ, նա չի կարող նյութեր հավաքել, օպերատիվ աշխատանք տանել, այնպես, որ քննիչը մեր պատրաստած նյութերը փաստորեն ուզում է վերցնի և ինքը մտնի դատարան՝ առանց որևէ աշխատանք կատարելու», -ընդգծեց Օհանյանը:

Խմբագրի խոսքով, եթե իրավապահները քննություն իրականացնելիս լրատվամիջոցների վրա են հույսները դնում ու այլ կերպ աշխատել չեն կարողանում, թող հրաժարական տան, Միևնույն ժամանակ Օհանյանը հավելում է, որ իրականում անճարությունից չէ, որ քննիչները դիմում են ԶԼՄ-ներին, երբեմն էլ անձամբ գալիս խմբագրություն։ Նրանց այս աշխատաոճը, ըստ խմբագրի, հավանության է արժանացել գլխավոր դատախազի կողմից․ - «Վստահ եմ, որ հենց մեր երիտասարդ դատախազի մտահղացումն է էս գրություններն ուղարկելը և էս ուղղությամբ տանելը: Սա լավ լծակ է, լավ հոգեբանական նաև ճնշման միջոց է լրագրողների, խմբագիրների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG