Մատչելիության հղումներ

Հղի կնոջ հարազատները չեն հավատում նրա մահվան պաշտոնական վարկածին


28-ամյա Անի Դավթյանի բարեկամների խոսքով՝ կինը մահացել է բժիշկների անփութության և անգործության պատճառով:

Սիսիանի բժշկական կենտրոնում 10 օր առաջ մահացած 28-ամյա Անի Դավթյանի մահվան պատճառը պարզելու համար Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, և ամենայն հավանականությամբ, արդեն վաղը դեպքի կապակցությամբ քրեական գործ կհարուցվի:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ բժշկական փաստաթղթերում նշված նախնական ախտորոշմամբ՝ 24- շաբաթական հղին մահացել է պտղաջրերի էմբոլիայից, այսինքն՝ մի վիճակից, որը օրգանիզմում անսպասելիորեն է առաջանում, և դրա դեմ պայքարի միջոց բժշկությունը չունի:

«Դա նախնական այն ախտորոշումն է, որը տրվել է տվյալ բժշկական կենտրոնում: Արդեն բժիշկները և փորձագետները պետք է տան համապատասխան եզրակացությունը, թե ինչն է եղել կնոջ մահվան պատճառը: Նա սպառնացող վաղաժամ ծննդաբերության նշաններ ուներ, հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, և ինքնուրույն ծննդալուծվել է», - ասաց Տռուզյանը:

Մահացածի հարազատները, մինչդեռ, համոզված են, որ տեղի ունեցածը բժիշկների անփութության և անգործության հետևանք է:

Անիի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը պնդում է, որ հիվանդանոց ընդունվելու հաջորդ օրը իր աղջիկը մահացել է արնահոսությունից:

«Տարել են, պտուղը հանել են, պտուղը հանած բերել են հիվանդասենյակ, մի ժամ հետո Անին սկսել է արնահոսել, ուժեղ ցավեր․․․Ես գնացել եմ ասեմ՝ որովայնի շրջանում ուժեղ ցավեր ունի, ասում ա՝ ոչինչ, արգանդը կրճատվում ա իրա բժշկուհին: Հետո ճնշումը չափում է, ասում եմ՝ ինչքա՞ն է, ասում է՝ ութսուն-վաթսուն, բայց ես տեսնում եմ տոնոմետրի վրա վաթսուն-քառասունը», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ալվարդ Խաչատրյանը:

Մայրը նաև պնդում է, որ ժամանակին աղջկան օգնություն չի ցուցաբերվել, մասնավորապես, արյուն չեն ներարկել և արնահոսությունը դադարեցնելու համար չեն վիրահատել․ - «Ես գիտեմ, որ բժիշկների անփութության, անտարբերության պատճառով ես իմ աղջկան կորցրել եմ: Հետո էդ ժամանակ իրանք բրիգադա են պահանջում վիրահատական, սկորին վառելիք չունի, որ բրիգադան բերի, արյուն են ուզում, հիվանդանոցում արյուն չկա: Ես իրանցից իրանց ռեանոմոբիլը պահանջեցի, որ Երևան հասցնենք, ասեցին՝ ռեանոմոբիլը Երևանում է, գլխավորին է տարել․․․ Թե ի՞նչ իրավունք ուներ ռեանոմոբիլը երեք օր հիվանդանոցից բացակայելու: Արյունը 3 լիտր Գորիսից ենք բերել տվել, երկու լիտր՝ Երևանից: Էդ հիվանդը, որ կես ժամ հետո պետք է դուրս գար իր ոտքով իր տուն գնար, արդեն էդ վիճակի մեջ էր»:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասաց, որ տվյալ բուժհաստատությունում թեև պահեստավորված արյուն ունեն, սակայն անհրաժեշտության դեպքում նախընտրում են թարմ արյուն բերել այլ քաղաքներից:

«Ճիշտ է, կարող է ժամկետի մեջ է եղել, բայց չես կարող ասել՝ էդ արյունը, որ երկու օր հետո պիտանելիությունը պիտի անցնի, իմաստ ունի՞ էդ պլազման ներարկել, թե՞ ոչ: Ավելի շատ մենք վնա՞ս կտանք, թե՞ օգուտ», - փոխանցեց մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:

Անի Դավթյանի մայրն ասում է, որ հղիության ընթացքում իր աղջիկը առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել նաև պտուղը: Մինչդեռ հիվանդանոցում գտնվելու հաջորդ իսկ օրը պտուղը մահացել է, հետո էլ հղին է մահացել․ - «Ես բողոքելու եմ մինչև վերջ, ես չեմ լռելու: Նախագահին էլ, դատախազին էլ, Սյունիքի մարզպետին էլ եմ դիմելու, մեղավորը պետք է պատժվի»:

Առողջապահության նախարարությունը այս դեպքի կապակցությամբ բացատրություններ չի տալիս՝ միայն տեղեկացնելով, որ նախաքննություն է ընթանում:

Այս տարի Հայաստանում սա մայրական մահացության արդեն 8-րդ դեպքն է, ընդ որում՝ նախնական գնահատականներով, դրանցից 4-ի դեպքում մահվան պատճառը եղել է էմբոլիան, այսինքն՝ անսպասելի զարգացող, չկանխատեսվող և բուժման չենթարկվող մի վիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG