Մատչելիության հղումներ

Կիևը ստիպված կվերանայի մինսկյան համաձայնությունը


Ռուս անջատականների ղեկավար Իգոր Պլոտնիցկու «պաշտոնամուտի արարողությունը»: Լուգանս, 4 նոյեմբերի, 2014թ.

Ռուս անջատականների ղեկավար Իգոր Պլոտնիցկու «պաշտոնամուտի արարողությունը»: Լուգանս, 4 նոյեմբերի, 2014թ.

Արևմուտքը չի ճանաչի ապօրինի ընտրությունների արդյունքը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում քննարկում է արևելյան տարածքներում անցած կիրակի օրը ռուս անջատականների անցկացրած տեղական ընտրությունների հարցը։

Նախագահը դրանք երեկ անվանել է «ֆարս, որը հնարավոր էր իրականացնել միայն տանկերի և թնդանոթների թիրախում մարդկանց պահելու միջոցով»։

Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ նիստի ընթացքում քննարկվելու է արևելյան շրջաններին երեք տարով ինքնակառավարման հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենքը չեղյալ հայտարարելու տարբերակը։

Կիևն այդ օրենքն ընդունել է միջնորդների աջակցությամբ սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքված խաղաղության ծրագրի շրջանակներում։ Պորոշենկոն ասել է, որ անջատականների գործողությունները խոչընդոտում են խաղաղության գործընթացը․ - «Այդ կեղծ ընտրությունները հակասում են Մինսկում սեպտեմբերի 5-ին կնքված արձանագրությանը, որի համաձայն, տեղական ընտրությունները պետք է անցկացվեին Դոնբասում նախապես համաձայնեցված շրջաններում և համապատասխանեին Ուկրաինայի օրենքներին։ Նոյեմբերի 2-ի «ընտրությունները» վտանգել են խաղաղության գործընթացը, որն այդպիսի դժվարությամբ էր սկսվել: Այն ձախողելու պատասխանատվությունը կրելու են բացառապես նրանք, ովքեր կազմակերպել և անցկացրել են այդ կեղծ քվեարկությունները»։

Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ, Կիևը որևէ պարագայում չի ճանաչի նոյեմբերի 2-ի այսպես կոչված «ընտրությունների» արդյունքները։

«Ավազակները, ահաբեկիչները և զավթիչները կարող են իրենց անվանել պատգամավորներ, նախարարներ, վարչապետեր, նույնիսկ արքա կամ կայսր, բայց միևնույն է կմնան զավթիչ, գող և ավազակ», - ասել է Պորոշենկոն։

Ռուս անջատականների առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն այսօր Դոնեցկում ստանձնել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարի պաշտոնը։ Արարողությանը ներկա են եղել օրենսդիրներ Ռուսաստանից, ինչպես նաև Վրաստանից անջատված և միայն Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիայից։

Այսօր նմանօրինակ արարողությամբ ղեկավարի պաշտոնն է ստանձնել նաև «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ղեկավար Իգոր Պլոտնիցկին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է Ուկրաինայի արևելյան շրջաններում ընտրությունների անցկացումը։ Եվրոպական միությունը և Ամերիկան նույնպես դատապարտել են Դոնբասի քվեարկությունները։

«Միացյալ Նահանգները դատապարտում է Արևելյան Ուկրաինայի այսպես կյոչված «ընտրությունները» և չի ճանաչում դրանց արդյունքը, չի ճանաչում նաև դրանց միջոցով ընտրված ղեկավարներին։ Մենք ողջունում ենք ապօրինի ընտրությունները չճանաչելու մասին Եվրամիության, ՄԱԿ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների հայտարարությունները։ Եթե Ռուսաստանը դրանք ճանաչի, ապա ինքն իրեն է՛լ ավելի կմեկուսացնի աշխարհից», - ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

Նա մտահոգություն է հայտնել հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ ծանր զինատեսակներ Ռուսաստանից Ուկրաինա բեռնատարներով փոխադրելու փաստն ապացուցող տեղեկությունների կապակցությամբ։

Այդ մասին է խոսել նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն․ - «Ռուսաստանից Ուկրաինա՝ անջատականների ժամանակավոր հսկողության տակ գտնվող մեր տարածք, ռազմական մեքենաների և մարդուժի ակտիվ ներթափանցումը չի դադարում, ռուսական զինուժը նույնիսկ չի փորձում թաքցնել իր ներկայությունն այնտեղ»։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպա, Եվրոպայում ամերիկյան զինուժի հրամանատար, գեներալ Ֆիլիփ Բրիդլովն ասել է, որ ըստ հետախուզական տվյալների, այս պահին Ուկրաինայում կա Ռուսաստանի Դաշնության մոտ 300 զինծառայող։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Դոնբասի շրջանի նորընտիր ղեկավարներն այդ տարածքի ժոողովրդից ստացել են Կիևի հետ բանակցելու մանդատ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG