Մատչելիության հղումներ

«Կրծքով սնուցումը խրախուսելու մասին» օրինագիծը չի ընդունվում, քանի որ «հերթը չի հասնում»


ՀԿ-ների պնդմամբ՝ օրինագիծը չի ընդունվում որոշ պատգամավորների շահերին հակասելու պատճառով:

Արհեստական կաթնախառնուրդներ գովազդողների և խրախուսողների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող «Կրծքով սնուցումը խրախուսելու մասին» օրենքը Ազգային ժողովում մի նստաշրջանից մյուսն է անցնում և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ վերջնական 3-րդ ընթերցում չի անցնում:

Հասարակական կազմակերպությունները համոզված են, որ ձգձգման պատճառն այն է, որ օրինագիծը հակասում է որոշ գործարար պատգամավորների շահերին:

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով, սակայն, օրենքը չի ընդունվում, քանի որ պարզապես հերթը դրան չի հասնում:

«Ոչ միայն քառօրյայի օրակարգի մեջ է, այլ ցանկի մեջ է ընդգրկվում, ուղղակի հերթը չի հասնում: Որևիցե միտում չկա: Եթե բիզնեսի հետ միտում լիներ, ինչպես որ Դուք եք ասում, իրան քննարկվող հարցերի ցանկի մեջ չէին դնի, որովհետև կարող է պատահի հասնի ու քննարկվի, չէ՞: Այս տարի, ես վստահ եմ, որ մենք պետք է ընդունենք դա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբլոյանը:

Իշխող կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս ասում է, որ խնդիրը ընդամենը տեխնիկական է․ - «Հրատապ օրինագծեր են բերվում, մենք ժամանակի սղության պատճառով չենք հասցնում»:

Մինչ խորհրդարանում օրենքի ընդունումը ձգձգվում է, հասարակական կազմակերպությունների և մայրերի պնդմամբ՝ ծննդատներում բուժաշխատողները շարունակում են համոզել, իսկ որոշ դեպքերում նաև պարտադրել մայրերին երեխային կերակրել ոչ թե կրծքի կաթով, այլ կաթնախարնուրդով, քանի որ համագործակցում են ներկրողների հետ և դրանից շահույթ են ստանում:

«Վստահություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը օրենքի ընդունման ձգձգումը այս իրավիճակում անընդունելի է համարում․ - «Սա իհարկե արդեն գործող օրենքների խախտում է, բայց նաև ասեմ, որ պարզ չի, թե ինչու Ազգային ժողովում մինչև այժմ չի ընդունվել կրծքով սնուցման խրախուսման և կաթնախառնուրդների մարքեթինգի վերաբերյալ օրենքը, քանի որ դա արդեն մոտ մեկ տարի է երրորդ ընթերցման է սպասում»:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չի եղել, որ նման խնդիր գոյություն ունի և միայն վերջերս է տեղեկացել՝ հասարակական կազմակերպություններից: Չնայած դրանից մեկ ամիս է անցել, սակայն, այսօր ևս նախարարության ներկայացուցիչ Նունե Փաշայանն ասաց, որ դեռ չեն պարզել, թե կոնկրետ որ ծննդատներում և որ բժիշկների կողմից են կատարվում այդ անօրինական գործողությունները:

Մինչ հասարակական կազմակերպություններն ու մի խումբ մայրեր ահազանգում են և ասում, որ երևույթը վերջին շրջանում լայն տարածում է գտել՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարծիքով՝ դեպքերը եզակի են: Այդուհանդերձ, նա ևս խնդրի լուծումը կապում է օրենքի ընդունման հետ:

«Անշուշտ այդպիսի խնդիրներ կարող են տեղի ունենալ առանձին դեպքերում, բայց եթե օրենքը լինի, կարծում եմ, որ օրենքով կարգավորվելուց հետո այդ երևույթներ իսպառ պետք է բացակայեն», - ասաց նախարարը:

Իսկ քանի դեռ օրենքը չի ընդունվել, ծննդատներում շարունակում են երեխաներ տուժել, քանի որ սովորելով կաթնախառնուրդներին՝ երեխաները հրաժարվում են մայրական կաթից: Այդ դեպքում ընտանիքները ստիպված են լինում տարեկան 2 հազար դոլար ծախսել իրենց երեխաներին արհեստական կաթնախառնուրդով կերակրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG