Մատչելիության հղումներ

Հանրակրթական դպրոցներում կգործեն «Պատանի երկրապահ» ակումբներ


Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), Պաշտպանության և Կրթության և գիտության նախարարությունների միջև անցած սեպտեմբերին ստորագրված հուշագրի հիման վրա Կառավարությունը մտադիր է գալիք տարվանից երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում բացել «Պատանի երկրապահ» ակումբներ:

2015-ին պետբյուջեից այս նախաձեռնության իրականացմանը կտրամադրվի 65 մլն դրամ:

Նախաձեռնության հեղինակը ԵԿՄ-ն է, որի նախագահը Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն է: «Պատանի երկրապահ» ակումբներ արդեն գործում են շուրջ 70 դպրոցներում:

Անցած շաբաթ օրը ներկայացնելով ԵԿՄ-ի հրատարակած համապատասխան ձեռնարկը` Մանվել Գրիգորյանը շեշտեց, որ այս նախաձեռնությամբ կյանքի են կոչում Երկրապահի հիմնադիր Վազգեն Սարգսյանի գաղափարները:

«Ինքնաճանաչում, հայրենասիրություն, կրթություն ստանալու, ֆիզիկական պատրաստականություն… ամեն ինչ… լավ հայրենասեր լինելու, ծնողասեր լինելու», - իրենց նպատակները ձևակերպեց գեներալը` հավելելով. - «Հայ մարդու բարոյականությունն իմանան: Այդքան բան»:

Կրթության և գիտության նախարարությունում համոզված են, որ, չնայած կամավորության սկզբունքին, նախաձեռնությանը կմիանան երկրի բոլոր դպրոցները: Նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կլինեն միջոցառումներ, որոնք «իսկապես պարտադրված այդ օրը բոլոր դպրոցներում պետք է անցկացնեն»:

«Ես չեմ կարծում, որ որևէ ծնող չի ցանկանա, որպեսզի իր երեխան այս միջոցառումների ակտիվ մասնակիցը լինի», - ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքացիական ակտիվիստ, երեք երեխաների մայր Զարուհի Հովհաննիսյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կարգելի իր զավակներին մասնակցել «կեղծ հայրենասիրության» միջոցառումներին․ - «Հայրենիքը շատ լայն հասկացություն է, և նեղացնել-դարձնել Երկրապահ, մտցնել այդ զինվորական հագուստի մեջ, ուղղակի սերունդների հանդեպ վնասարար գործունեություն է»:

Հրատարակված ձեռնարկում տեղ են գտել տարբեր միջոցառումների, տոների անցկացման ուղեցույցներ:

Կրթության ոլորտի փորձագետ, մայրաքաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, նշում է, թե ձեռնարկում տեղ են գտել այն միջոցառումները, որոնք միշտ հավուր պատշաճի նշվում են դպրոցներում: Նա տարակուսում է` ո՞րն է ԵԿՄ-ն դպրոց բերելու իմաստը:

«Ես զգում եմ կոմունիստական կուսակցության դարաշրջանի վերականգնման քայլեր: Հիմա արդեն Հանրապետական կուսակցությունը գրավել է կոմունիստական կուսակցության տեղը, էս Երկրապահն էլ պիոներական կամ կոմսոմոլ շարժումներով պիտի զբաղվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG