Մատչելիության հղումներ

logo-print

Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժվեց Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի արձանը


Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգում տեղադրվում է Apple-ի հիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի արձանը, 9-ը հունվարի, 2013թ.

Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգում տեղադրվում է Apple-ի հիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի արձանը, 9-ը հունվարի, 2013թ.

Պատճառը Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկի հայտարարությունն է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Անցյալ շաբաթ, երբ Apple ընկերության ղեկավարը հայտարարեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժվեց Apple-ի հիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի արձանը, որը կանգնեցված էր 2013 թվականից քաղաքի Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի տեխնոպարկում՝ «Արևմտաեվրոպական ֆինանսական միություն» հոլդինգի նախաձեռնությամբ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոլդինգի մամուլի ծառայությունը հուշարձանի ապամոնտաժումը բացատրում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելքի մասին օրենքով։

Պետերբուրգցի պատգամավոր Վիտալի Միլոնովն էլ կոչ է արել Ռուսաստանի կառավարությանը՝ արգելել Թիմ Կուկի մուտքը երկիր նրա միասեռական լինելու պատճառով։

Ռուս պատգամավորը «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ» լրատվական կայքի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարվել իր iPhone հեռախոսից, երբ Կուկը խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, դրական կամ բացասական պատասխան չի տվել՝ միայն կոչ անելով արտադրել հայրենական հեռախոսներ։

Ռուսաստանում ամերիկյան այս ընկերության շուրջ խոսակցությունները սկսվեցին դեռ ամիսներ առաջ. Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ֆոնին Ռուսաստանի Պետական դումայում առաջարկ հնչեց՝ ի պատասխան այդ պատժամիջոցների արգելել Apple ընկերության արտադրանքի վաճառքը երկրում։

Սակայն մինչ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով քննարկվում էր Apple ընկերության մուտքն արգելելու հարցը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրագրողը, հյուրընկալվելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատասենյակում, նկատել էր, որ ոչ միայն վարչապետի հեռախոսն է այդ ընկերության արտադրության, այլև նրա աշխատանքային հսկա համակարգիչը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG