Մատչելիության հղումներ

«Չի բացառվում, որ սահմանադրական փոփոխություններից հետո իշխանությունը կենտրոնանա վարչապետի ձեռքում»


«Նոր Սահմանադրությունը կնպաստի՞ իշխանության վերարտադրությանը, թե՞ ոչ, կախված է ոչ թե հայեցակարգից, կամ Սահմանադրությունից, այլ, ավելի շուտ, կախված է Հայաստանի ժողովրդի ցանկությունից», - հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին դրական եզրակացություն տված Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին։

«Արդյո՞ք ժողովուրդը նորից ձայն կտա նույն մարդկանց, արդյո՞ք ընտրությունները կլինեն արդար և ազատ... այս հայեցակարգը ես չեմ ընկալում՝ որպես իշխանության վերարտադրությանը նպաստող հանգամանք, այլ, ավելի շուտ, դա հնարավորություն է՝ երկրում փոփոխությունների հասնելու, որը կհանգեցնի իշխանության ավելի լավ բաժանման», - ասաց Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը։

Համեմատելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող համակարգն ու Հայաստանում ներկա Սահմանադրությամբ գործող կարգը՝ Թոմաս Մարկերտը նշեց, որ Հայաստանում գործող Սահմանադրությունը գործնականում չափազանց մեծ իշխանություն է կուտակում նախագահի ձեռքում և գործելու լայն դաշտ չի թողնում անկախ դատական համակարգի համար ու դժվարություն է ստեղծում օրենքի գերակայության ապահովման հարցում։

Հարցին, թե արդյոք սահմանադրական բարեփոխումները դատական համակարգի անկախություն կապահովեն, Թոմաս Մարկերտը պատասխանեց. - «Ակնհայտ է, որ միայն Սահմանադրության տեքստը չի կարող ստեղծել անկախ դատական համակարգ, այն կախված է բազմաթիվ գործոններից, որոնք համատեղ հանգեցնում են երկրում օրենքի գերակայությանը»։

Հանձնաժողովի քարտուղարը չբացառեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո գուցե իշխանությունը կենտրոնանա արդեն վարչապետի ձեռքում։

«Իհարկե նման վտանգ կա, դա նաև կախված կլինի, թե ինչպես սահմանադրական նախագծում կմշակվեն այդ վիճակից խուսափելու ուղիները, մյուս կողմից` վարչապետի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու առավելությունը հետևյալն է֊. օրինակ, ձեզ մոտ նախագահի ընտրության ժամկետը ֆիքսված է՝ Հայաստանում դա հինգ տարի է, և հնարավոր չէ հեռացնել նախագահին իշխանությունից, եթե միայն նա, ասենք, հանցագործություն չի կատարել, ինչը շատ հազվադեպ է պատահում։ Սակայն, եթե դուք վատ վարչապետ ունեք, նրան խորհրդարանը կարող է փոխել», - ասաց Մարկերտը։

Հիշեցնենք՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ինչպես հայտարարել է նրա խոսնակ Արման Սաղաթելյանը, «ըստ ամենայն, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարդ ամիսներին»:

Թոմաս Մարկերտի խոսքով, նախագահը, գուցե, տատանվում է հստակ հանդես գալ բավական վիճահարույց խորհրդարանական համակարգի օգտին, ուստի հասկանալի է, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ ավելի մեծ քաղաքական համախմբման հասնելու համար:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի կարծիքով, նախագահը ոչ թե դադար է վերցրել, այլ անցել է հաջորդ փուլին։

Սահմանադրական հանձնաժողովը ներկայացրել է հայեցակարգը, Հայաստանի նախագահն էլ լինելով բարեփոխումների նախաձեռնողը՝ հիմա այն պետք է քննարկի քաղաքական ոււժերի հետ: Այս ընթացքում, Վարդան Պողոսյանի խոսքով, հանձնաժողողը «ձեռքերը ծալած չի նստելու». - «Մենք աշխատանքներ ունենք կատարելու այն առումով, որ մենք ստանում ենք դեռևս տարբեր բնույթի առաջարկներ, ինչպես հայեցակարգի հետ կապված, այնպես էլ փոփոխությունների տեքստի հետ կապված: Մենք Սահմանադրական հանձնաժողովով նախատեսում ենք նաև աշխատանքներ օտարերկրյա փորձագետների հետ»։

Ըստ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի, 2015 թվականի փետրվար-մարտը քաղաքական քննարկումների գործընթացի ավարտի վերջնաժամկետն է, և եթե հայեցակարգը հավանության արժանանա, ապա հանձնաժողվը արդեն կսկսի աշխատել սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի վրա:

«Թե այս փուլում քանի՞ կուսակցություն է փոփոխություններին կողմ արտահայտվում, քանիսը՝ դեմ, դեռ ոչինչ չի նշանակում, գործընթացը նոր է սկսվել», - ասաց Վարդան Պողոսյանը՝ կոչ անելով քննարկումների շեշտը չդնել քաղաքական բաղադրիչի վրա:

«Այս ամբողջ պրոցեսի ժամանակ պետք է, իմ կարծիքով, շեշտը դնել ոչ թե քաղաքական բաղադրիչի վրա, այլ այն առաջարկների վրա, որոնք բովանդակային առումով արված են հայեցակարգում, իսկ հայեցակարգում արված առաջարկները, ըստ էության, հեղափոխական փոփոխություններ են, որից կարող է շահել միայն երկիրը», - ասաց Պողոսյանը։

XS
SM
MD
LG