Մատչելիության հղումներ

Բրիտանացի նախարար. Եվրոպայում ցանկանում են արևելաեվրոպական երկրների հետ հարաբերությունները տեսնել ավելի ամուր


Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի խոսքով, Լոնդոնում և Բրյուսելում չեն ցանկանում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները տարածվեն Եվրասիական միության այլ երկրների վրա:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Լիդինգթոնին այսօր առավոտյան ընդունեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները փոխանցվեն Եվրասիական միության անդամ այլ պետություններին, Դեյվիդ Լիդինգթոնը նախ արձագանքեց՝ ներկայացնելով Մոսկվայի հետ վատ հարաբերությունների պատճառը. - «Ճիշտ է, որ հարաբերությունները Եվրոպայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև վատացել են նախորդ ամիսներին, ինչը Ղրիմ ներխուժելու և այն բռնազավթելու Ռուսաստանի որոշման ուղղակի հետևանք է: Ղրիմը միջազգային հանրության և Ռուսաստանի կողմից ճանաչվել էր որպես Ուկրաինայի տարածքի մի մաս: Այնուհետև հարաբերությունների վատացմանը նպաստեց Ռուսաստանի ռազմական ներխուժումը Դոնեցկ ու Լուգանսկ: Վատացող հարաբերություններից հետ կանգնելու ճանապարհը Ռուսաստանի համար այն է, որ Մոսկվան սկսի կյանքի կոչել Մինսկի գագաթնաժողովի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այդ պարտավորություներից է ուկրաինական սահմանների վերականգնումը և այդ սահմանների նկատմամբ վերահսկողության հանձնումը Ուկրաինայի իշխանություններին, զինված անջատողականներին աջակցության դադարեցումը»:

Բրիտանացի նախարարն այնուհետև ընդգծեց․ - «Իհարկե, ո'չ: Մենք չենք ցանկանում, որ վերոհիշյալը վատ հարաբերությունների վերաճի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Ճիշտ հակառակը, մենք՝ Մեծ Բրիտանիայում, ընդհանուր առմամբ Եվրոպայում, ցանկանում ենք այդ հարաբերությունները տեսնել ավելի ամուր: Ակնհայտ է, որ այդ հարաբերությունների բնույթը կախված կլինի առանձին երկրների, կառավարությունների ընտրությունից՝ ուժեղ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ»:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո Երևանը դարձել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների այցելության վայր: Ինչպես բացեիբաց նշում էին այդ դիվանագետներից ոմանք, նպատակը պարզելն է, թե հետայսու Եվրամիության հետ պաշտոնական Երևանը ինչպիսի հարաբերություններ է պատկերացնում:

Հոկտեմբերի 21-ին փաստահավաք առաքելությամբ Հայաստանի մայրաքաղաքում էին եվրոպական մի շարք երկրների՝ Արևելյան գործընկերության համար պատասխանատու դեսպանները, երկու օր անց այստեղ էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հոկտեմբերի 24-ին Երևան այցելեց Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը և այսօր, ինչպես ասացինք, Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնին:

Դեյվիդ Լիդինգթոնին հիշեցրեցինք, որ այս հոկտեմբերին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հնգամյակը, և որ Անկարան հրաժարվում է վավերացնել դրանք:

«Կարո՞ղ ենք ասել, որ արձանագրությունները այլևս մեռած են». «Ազատության» այս հարցին Լիդինգթոնն արձագանքեց. - «Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, Միացյալ Թագավորության երկարամյա դիրքորոշումն է՝ մենք հավատում ենք, որ արձանագրությունները կյանքի կկոչվեն առանց հետաձգման: Մենք ցանկանում ենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման ականտեսը լինել: Ողջունելի էր, որ արտաքին գործերի նախարար Նալբանդյանը ներկա էր նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հույս ունեմ, որ այդ երկկողմ հարաբերությունների բարելավման ականատեսը կլինենք»:

Այսօր ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահականի հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են, մասնավորապես, հայ - բրիտանական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում և Փարիզում կայացած գագաթնաժողովների արդյունքները, խոսել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

XS
SM
MD
LG