Մատչելիության հղումներ

Տարկետումը վերացնելու անհրաժեշտությունը «բխում է մեր իրականությունից»


Հայկական բանակի զինվորները վարժանքների ժամանակ, արխիվ

Հայկական բանակի զինվորները վարժանքների ժամանակ, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է, որ գիտությամբ զբաղվողների համար բանակում ծառայելը խոչընդոտ չի հանդիսանա:

Այս շաբաթ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կքննարկվեն «Զինապարտության մասին» օրենքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Այլ կերպ ասած, ըստ օրինագծի՝ բուհ ընդունվելուց հետո անգամ 18 տարեկանները նախ պետք է պարտադիր ծառայեն, հետո նոր բարձրագույն կրթություն ստանան:

Թևան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ընդունեց, որ այս փոփոխությունը գուցե բողոքի ալիք բարձրացնի, այդուհանդերձ, նա վստահ է, որ այսպիսի օրենք ընդունելու անհրաժեշտությունը «բխում է մեր իրականությունից»․ մի կողմից՝ ահագնացող արտագաղթի տեմպերն են, մյուս կողմից, ըստ պատգամավորի, գործող օրենքը հնարավորություն է տալիս խուսափել բանակից՝ հաճախ ոչ ի շահ գիտության:

«Որևէ մեկը, ինձ թվում է, չի վիճելու, թե Իսրայելում գիտությո՞ւնն է ավելի ցածր մակարդակի, կամ միգուցե տաղանդավոր երեխաները արվեստում, մշակույթում տարբեր ոլորտներում չե՞ն զարգանում, բայց բոլորը գիտեն, որ գնում են և ծառայում են, Շվեյցարիան՝ նույն օրինակը: Այնպես որ, շատ զարգացած երկրներ անցել են այս ամենով, և երբևէ այդ տարկետման խնդիրը չի օգտագործվել «ի նպաստ» ասելով, որ եթե այսպես անենք, հայկական գիտությունը չի զարգանալու», - ասաց պատգամավորը՝ հավելելով․ - «Եվ միգուցե ավելի լավ է, որ այն մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում են գիտությամբ զբաղվել, դրանով կզբաղվեն նաև [ծառայությունից հետո]․․․»:

Բանասիրական գիտությունների թեկնածու Անդրանիկ Սարիբեկյանը, մինչդեռ, կարծում է, որ եթե օրինագիծն արժանանա գործադիր ու օրենսդիր մարմինների հավանությանը, ապա կրթությունը Հայաստանում լուրջ հարվածի տակ կդրվի:

«Հավանականությունը շատ փոքր է, որ բանակում ծառայած և վերադարձած երիտասարդը նույն ավյունով, նույն եռանդով նորից ցանկություն կհայտնի՝ գիտության մեջ ինչ-որ բան անելու կամ ընդհանրապես գիտությամբ զբաղվելու», - նշեց Սարիբեկյանը:

ԱԺ պատգամավորը իր հիմնավորումներն է բերում՝ նշելով, թե ավելի լավ է ունենանք քիչ, սակայն որակյալ կադրեր, արդյունավետ գիտնականներ: Հարկ է նշել, որ Պողոսյանն ինքն էլ ժամանակին օգտվել է տարկետման իրավունքից՝ ասպիրանտուրայում սովորելու համար: Արդյունքում գիտնական չի դարձել, ինչպես և իր նման հազարավորները, ու հիմա իր փորձի հիման վրա առաջարկում է փոխել օրենքը:

«Եթե վերցնեմ իմ սեփական պրակտիկայից, քանի որ կարողացել եմ սովորել՝ ունեցել եմ այդ ազատումները, բայց ինքս էլ չեմ դարձել այն տաղանդավոր ֆիզիկոսներից կամ մաթեմատիկոսներից, որ միգուցե արժանի էր այդ ժամանակ օգտվելու տարկետման հնարավորություններից: Քանի՞ այդպիսի ազատումներ ունենք, բայց ոնց որ թե չենք լսել, որ այսօրվա դրությամբ փայլուն գիտնականները Հայաստանի անունը գիտությամբ բարձրաձայնել են», - նշեց Թևան Պողոսյանը:

Վերջին շրջանում միտում կա օրենքը փոխելու, ոչ թե արատավոր երևույթը վերացնելու: Պատգամավոր Պողոսյանը կարծում է, որ այս դեպքում այլ տարբերակ չկա, որովհետև գործող օրենքը սողանցքների հնարավորություն է տալիս: Գիտնական Սարիբեկյանը, այդուհանդերձ, պնդում է, որ կտրուկ փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

«Ճիշտ է, մեր բանակում գտնում են, որ յուրաքանչյուր երիտասարդի ներկայությունը կարևոր է, բայց եթե մարդը կարող է գիտության մեջ այնպիսի խոսք ասել, նորամուծություն բերել, որով ավելի պիտանի կլինի իր պետությունը, երկրին, քան բանակում ծառայելով, իմ կարծիքով այդ մարդուն չպետք է զրկել այդ հնարավորությունից», - պնդեց բանասիրական գիտությունների թեկնածուն:

Փայլուն օրինակների համար, սակայն, օրինագիծը հատուկ պայմաններ նախատեսել է: Կձևավորվի կառավարական հանձնաժողով, որն էլ կորոշի, թե որքանով է տաղանդավոր երիտասարդը՝ տարկետման իրավունք տալու համար:

Ի դեպ, Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, և դրա վերաբերյալ վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ:

Սա միակ փոփոխությունը չէ, որ պատգամավորը առաջակում է կատարել «Զինապարտության մասին» օրենքում: Չորս աղջիկների հայր Թևան Պողոսյանը կարծում է, որ հայ աղջիկները նույնպես պետք է պատրաստ լինեն պարտադիր զինծառայության:

«Միգուցե ոչ ամբողջական երկու տարվա ծառայության, բայց ադապտացված համակարգում 3-6 ամիսների շրջանակում մեր բոլոր աղջիկներն իրենց ծառայության խնդիրն անցնեն: Երբ որ մայրը ինքը ժամանակին ծառայած է լինում, ոչ իր ամուսնուն է ասում, թե «ինչպիսի տղամարդ ես դու, որ թույլ տաս մեր երեխան ծառայի բանակում», ոչ էլ ինքն է երբևէ մտածում, թե ինչ անի՝ երեխան բանակում չծառայի», - «Ժառանգության» պատգամավորը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG