Մատչելիության հղումներ

Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի քննարկումը Ստեփանակերտում ձախողվեց


Զարուհի Փոստանջյան, արխիվ

Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ իր հեղինակած նախագծի քննարկումը միտումնավոր է ձախողվել:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը որոշվել էր քննարկել կիրակի՝ արտագնա նիստի պայմաններում: «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանը հայտարարեց, որ շաբաթ օրը Ղարաբաղ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրենքի նախագծի շուրջ քննարկումները միտումնավոր ձախողել են:

Նիստը փակ էր ոչ միայն լրագրողների, այլ նաև ղարաբաղցի պատգամավոր Վահան Բադասյանի համար:

«Եվ փակ քննարկման ավարտին դրվեց քվեարկության իմ նախագիծը, բայց որոշում չընդունվեց նախագծի վերաբերյալ, դրական եզրակացություն չտրվեց, չքվեարկեցին նախագծին», - ասաց Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով․ - «Ակնհայտ է, որ այս պահին Հանրապետական կուսակցությունը ունի հստակ հանձնարարական՝ թույլ չտալ, որպեսզի այսպիսի օրինագիծը դառնա հանրային քննարկման առարկա, և հենց դա է պատճառը Ստեփանակերտում արտագնա նիստ անցկացնելու, այն էլ՝ այսպիսի փակ և ոչ թափանցիկ պայմաններում»:

Փոստանջյանը նշում է, որ Եվրասիական միությանը անդամակցության պայմաններում Հայաստանը պարտավոր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ճանաչումը, ըստ պատգամավորի, հնարավորություն կտա նաև Ղարաբաղին ինքնուրույն գործելու՝ հատկապես բանակցային սեղանի մոտ վերադառնալու:

Միջազգային ճանաչման ձգտող Լեռնային Ղարաբաղում խուսափում են ընդդիմադիր պատգամավորի այս օրենսդրական նախաձեռնության մասին կարծիք հնչեցնելուց, համենայն դեպս՝ իշխանական վերնախավում:

Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ազատության» հետ զրույցում այդպես էլ հստակ չպատասխանեց, թե ինչպես է վերաբերվում պաշտոնական Երևանի կողմից Ղարաբաղի հնարավոր ճանաչման փաստին:

«Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը ինչ արձագանք և հետևանքներ կունենա՝ դա Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասությանը վերապահված խնդիր է: Մենք չենք խառնվում, մենք նման խնդիր չենք քննարկել», - փոխանցեց Աթանեսյանը:

Զարուհի Փոստանջյանը այս կարծիքը համարում է ուղղորդված քաղաքական տեսակետ: Եթե Լեռնային Ղարաբաղում բոլորն այդպես մտածեին, ապա կիրակնօրյա արտագնա նիստը կանցկացվեր բաց պայմաններում, իր կողմից հրավիրված ղարաբաղցիներն էլ նիստին մասնակցելու և արտահայտվելու հնարավորություն կունենային:

«Հանրության շրջանում պետք է տեղի ունենա բանավեճ: Եթե կա խնդիր չճանաչելու Արցախի Հանրապետությունը, ապա այդ խնդիրը պետք է հստակ հանրության շրջանում քննարկման առարկա լինի, իսկ ինչու չի լինում՝ որովհետև նման խնդիր չկա, ուղղակի փակ, կուլիսային պայմանավորվածությունների ներքո որոշել են ընդհանրապես չխոսել, լռել և այս հարցին չանդրադառնալ», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

XS
SM
MD
LG